Ո՞ՒՄ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԿԱՆ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ վարորդները չեն կարողանում տեխզննման կտրոններ ձեռք բերել, քանի որ ՀՀ բանկերում կտրոններ չկան: «Ժողովուրդ»ը պարզեց, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալները ֆինանսների նախարարությանը տրամադրում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, եւ ըստ այդ տվյալների՝ տեխզննման կտրոնները տպագրվում են ֆինանսների նախարարության կողմից:

Երկու ամսից ավել է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում վարորդներից. նրանց խոսքերով` ՀՀ ոչ մի առեւտրային բանկում տեխզննման կտրոն չկա: Բանկի աշխատակիցները վարորդներին փոխանցել են, որ սպառվել են կտրոնները, եւ հայտնի չէ, թե դրանցից երբ կստանան: Ի դեպ, վարորդներ էլ կան, որոնք կարողացել են տեխզննման կտրոն ձեռք բերել այն դեպքում, երբ բանկում ծանոթ աշխատակից են ունեցել: Մեզ դիմած վարորդները հայտնվել են ոչ նախանձելի վիճակում, քանի որ տեխզննման կտրոնի բացակայության պատճառով նրանք կարող են տուգանվել ճանապարհային ոստիկանության կողմից:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդը» նախ դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք կապ չունեն տեխզննման կտրոնների հետ եւ խորհուրդ տվեցին դիմել ֆինանսների նախարարություն: Նշենք, որ ՖՆ-ն իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման եւ դրանք ծրագրին մասնակից ՀՀ առեւտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:
Խնդրի հետ կապված՝ ՖՆ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին հետեւյալը. «Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձեւավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների եւ տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված եւ փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների: Եւ 2016 թվականի տարեվերջում, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ՖՆ-ն ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը եւ բանկերին տրամադրումը»: Սակայն ըստ ահազանգած վարորդների՝ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ նրանք մինչ օրս չեն կարողանում ձեռք բերել իբրեւ թե «տրամադրված» տեխզննման կտրոնները: Բացի այս՝ «Ժողովուրդ»-ը իր հերթին դիմեց մի քանի բանկերի, որտեղից փոխանցեցին, որ չունեն կտրոններ:
Իսկ ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 29-ին պայմանագիր է կնքել «Էյ Էմ Փի Ջի» ընկերության հետ: Ըստ այդմ, ՖՆ-ն ձեռք է բերել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության կտրոնի տպագրական եւ առաքման ծառայության աշխատանքներ: ՖՆ-ի պահանջով տպագրվել է 30 հազար հատ տեխզննման կտրոն, որի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն 260 հազար դրամ, իսկ միավորի արժեքն է 42 դրամ: Արդյոք 30 հազար հատ կտրոնը պահանջվող քանակն է, ցույց կտա ժամանակը:
Ինչեւէ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Տոնոյան, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ տրամադրե՞լ է ֆինանսների նախարարությանը, թե՞ ոչ:
-Մենք այդ տվյալները մշտապես տրամադրում ենք ֆինանսների նախարարությանը: Այսօր ճանապարհային ոստիկանությանը մեղադրել տեխզննման կտրոնների մասով, սխալ է: Մենք ունենք տվյալներ:
-Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ է սպասվում այն վարորդներին, որոնք չունեն 2017 թվականի տեխզննման կտրոն եւ չեն կարողանում դրանք ձեռք բերել: Նկատենք, որ կան օրինակներ, երբ այս օրերին տուգանվել են այն վարորդները, որոնք չեն կարողացել ձեռք բերել այդ կտրոնները…
-Դե, գիտեք ինչ, մի քիչ խրթին հարց է: Մենք նման դեպքերում վարչարարություն ենք կիրառում, բայց քաղաքացին մեզ կարող է դիմել նմանատիպ գանգատով: Այդ ընթացքում մենք հարցում ենք կատարում, թե ինքը տեխզննման կտրոնի ձեռքբերման համար որտեղ, երբ է դիմել կամ դիմել է, թե ոչ: Արդյունքում եթե ինքը դիմած լինի բանկ, եւ նրան տրամադրած չլինեն, ապա բնական է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվելու է:
-Իսկ վարորդները ինչպե՞ս են դա ապացուցելու. իրենք գնացել են բանկ, հարցրել են տեխզննման կտրոն կա՞, թե՞ ոչ, բանկի աշխատակիցն էլ պատասխանել է՝ ոչ: Դա ինչպե՞ս են Ձեզ ապացուցելու, որպեսզի չտուգանվեն:
-Այդ խնդիր է. պետք է բանկը կոնկրետ ասի՝ այս քաղաքացին դիմել է իրենց, բայց կտրոն չեն տվել, մենք հարցում անելու ենք կոնկրետ բանկին: Յուրաքանչյուր ոք կարող է նմանատիպ որոշումը շահարկել:
-Պարո՛ն Տոնոյան, «Ժողովուրդ»-ը նույնպես զանգահարել է ՀՀ բանկեր եւ հետաքրքրվել՝ ունե՞ն տեխզննման կտրոն, թե՞ ոչ: Ոչ մի բանկում կտրոն չկա, սպառվել է: Ավելին՝ բանկի աշխատակիցները տեղյակ էլ չեն, թե երբ կլինեն այդ կտրոնները: Արդյունքում վարորդը կտրոն չունի, իսկ ճանապարհային ոստիկանը նրան տուգանում է:
-Այն պահից սկսած, երբ բանկերից եւ քաղաքացիներից ահազանգ ստացանք, որ չկան կտրոններ, դրա հետ կապված ցուցում տրվեց, որպեսզի վարորդներին չտուգանեն:
-Կնշե՞ք ժամկետները, թե երբվանից է այդ ցուցումը գործում:
-Դեկտեմբերի 26-ից ցուցումը տրված է, առայժմ անորոշ ժամկետով, մինչեւ մենք տեղեկություն ստանանք, որ բանկերն ունեն տեխզննման կտրոններ:
Ամփոփելով՝ նկատենք որ այդպես էլ անհասկանալի է մնում, թե որ գերատեսչության թերի աշխատանքի պատճառով է, որ վարորդները երկու ամսից ավել է, ինչ տեխզննման կտրոններ չունեն: Ինչպես միշտ՝ պետական կառույցները մեկը մյուսի վրա են բարդում թերացումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ»

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատելիորեն լարվել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ տեղի ՀՀԿ-ականների հարաբերությունները: Սառել են նաեւ Սամվել Բալասանյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի՝ ՏԻՄ ընտրությունների շրջանում առկա ջերմ հարաբերությունները:

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բալասանյանը որդուն՝ Խաչատուր Բալասանյանին խաղի մեջ մտցնելով՝ խառնել է բոլորի խաղաքարերը: Բանն այն է, որ Մարտուն Գրիգորյանը Բալասանյանին աջակցել էր քաղաքապետ ընտրվելու հարցում, ինչի դիմաց նա պետք է փոխհատուցեր Գրիգորյանին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մարտուն Գրիգորյանը եւ Սամվել Բալասանյանն այնքան են նեղացել իրարից, որ Գրիգորյանը հունվարի 18-ին՝ իր ծննդյան օրը, չի անցկացրել Բալասանյանի «Սեւ բերդ» ռեստորանահյուրանացային համալիրում, ինչպես նախապես պլանավորել էր:
Նկատենք, որ մինչ հարաբերությունների սառեցումը, Մ. Գրիգորյանը հաճախակի էր լինում «Սեւ բերդում»: Ներկա էր լինում նաեւ Բալասանյանի կողմից կազմակերպած բոլոր միջոցառումներին, այդ թվում այն խնջույքին, որը «Սեւ բերդում» արել են Բալասանյանի քաղաքապետ վերընտրվելու առիթով: Բալասանյանի «օբյեկտում» մեկ քեֆ-ուրախություն էլ նախկին ԲՀԿ-ական Գրիգորյանն է նախաձեռնել՝ Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի 20-ամյակի առիթով:
Ի դեպ, Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ում հայրը ցանկանում է տեսնել հաջորդ ԱԺ-ում, Գյումրիում հաճախակի չի լինում: Այս պահին նա գտնվում է Չինաստանում, վերադառնալու է մի քանի օրից:
Նշենք, որ Խաչատուր Բալասանյանին, Մարտուն Գրիգորյանից զատ, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում չի ցանկանում տեսնել նաեւ ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Վերջինիս եւ Բալասանյանի միջեւ տարաձայնությունները դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էին առաջացել: Պատճառն այն է, որ Սահակ Մինասյանն ինքն էր ցանկանում դառնալ քաղաքապետ, մինչդեռ ՀՀԿ-ի վերնախավը Սամվել Բալասանյանին սատարեց, իսկ թիմակցին չնեղացնելու համար նշանակեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր: Սահակ Մինասյանը չի մոռացել այդ պատմությունը եւ մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ Բալասանյանի որդուն չի ցանկանում տեսնել ՀՀԿ-ի ցուցակում:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Գյումրի

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՅԵՐԵՆԸ ԿՍՏՈՒԳՎԻ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, որում ասվում է. «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաեւ հայերենին տիրապետելու պահանջ: Հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ):
Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է ՀՀ ԿԳՆ-ի սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»:
Նշենք, որ համաձայն հաստատված կարգի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք:




Լրահոս