Կարեն Կարապետյանն ու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 8-ին, այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մայր Աթոռ, կարեւորեց Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը եւ իրականացվող ծրագրերը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաեւ, որ Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն եւ նրա կառույցներին:

Իր հերթին ՀՀ վարչապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ առկա հարաբերություններին` մեծապես կարեւորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Խոսվեց նաեւ երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին:

Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ վարչապետին մաղթեց, որպեսզի հաջողություններով պսակվեն Հայրենիքի առաջընթացին եւ ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները:




Լրահոս