Եթե չենք ուզում անաչք մնալ, պետք է ՀՎԿ-ին չանդրադառնա՞նք. սպառնալիքներով օրինաց երկիր չեք կառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՎԿ 2-րդ համագումարում նախկին օեկականների ելույթները կարծես սարսափ ժանրի մարտաֆիլմից մեջբերումներ լինեին:
Նախ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր կուսակիցներին հետեւյալ սպառնալիքն ուղղեց.«Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, դուք իմ զորքն եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»:

Իսկ «էգ առյուծ»-ի իմիջով հայտնի Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց: «Թույլ չեմ տա որեւէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով եւ նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին: Կոչնչացնե՛մ ես նրան, ով էլ լինի… ես իմ մատներո՛վ կհանեմ նրանց աչքերը… այս վճռական պահին հրապարակ են նետվել շատ թաղ նայողներ, ֆեոդալներ…: Սա թաղի տղեքի ընտրություն չէ»,-ասաց Բիշարյանը:

Բաղդասարյանի եւ Բիշարյանի այս «սարսափազդու» հայտարարությունները կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը երեկ լրագրողների հետ զրույցում փորձել է մեղմացնել եւ «ջրել»՝ նշելով, որ Բաղդասարյանի այդ արտահայտությունը կատակ է եղել: Իսկ ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանն էլ, Բիշարյանի սպառնալիքին անդրադառնալով, նշել է, թե դա պայմանավորված է նրանով, որ վերջին ժամանակաշրջանում տարբեր լրատվամիջոցներում բամբասանքներ են շրջանառում իրենց կուսակցական առաջնորդի անվան շուրջ:

Ստացվում է՝ լրատվամիջոցների՞ն էին ուղղված Բիշարյանի սպառնալիքները, ասել է թե՝ եթե չենք ուզում անաչք մնալ, պետք է ՀՎԿ-ին չանդրադառնա՞նք: Նկատենք, որ ֆեոդալներից բողոքող Բիշարյանի կողմից միջնադարյան ինկվիզիցիայի պատժատեսակների կիրառման սպառնալիքը, մեղմ ասած, հարիր չէ ոչ վաղ անցյալում օրինաց երկիր կառուցելու գաղափարի նվիրյալին:

Վահագն Հակոբյան




Լրահոս