Ե՞րբ է, ի վերջո, շահագործվելու Ստեփանակերտի օդանավակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992թ.-ից ի վեր մայիսի 9-ը եռատոն է ողջ հայության համար: Անցյալ դարի 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին գումարվեց Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: Սակայն մինչ օրս չի հաջողվում օդային ուղեւորափոխադրումներ իրականացնել Արցախի եւ Հայաստանի միջեւ: Վերջին յոթ տարիներին ամեն անգամ մայիսի 9-ին ակտիվանում են խոսակցությունները Ստեփանակերտի օդանավակայանը վերագործարկելու շուրջ:
Երեւանից Ստեփանակերտ չվերթների իրագործման դեպքում ավտոմոբիլային փոխադրման համար պահանջվող 6 ժամի փոխարեն հնարավոր կլինի Արցախ հասնել 45 րոպեում՝ վճարելով 18-22 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ մինչեւ Լաչինի միջանցքի բացվելը, հայկական կողմից տրանսպորտային բոլոր փոխադրումները կատարվել են ավիացիայի միջոցով:

Ինչպես հայտնի է՝ 1974 թվականին կառուցված, սակայն 1992 թվականի փետրվարին ղարաբաղյան պատերազմի պատճառով գործունեությունը դադարեցրած Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները սկսվել էին 2008 թվականին: օդանավակայանը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2011 թվականի գարնանը: Սակայն դա այդպես էլ իրականություն չդարձավ:
Այսօր էլ տեղի իշխանությունները վստահեցնում են, որ օդանավակայանի վերջնական շահագործման ուղղությամբ ջանքեր գործադրվում են՝ միաժամանակ ընդգծելով, որ տեխնիկական խնդիրներ չկան, եւ այն արդեն վաղուց պատրաստ է: Սակայն, ինչպես հայտնի է, առկա են քաղաքական խոչընդոտներ: Բանն այն է, որ Ադրբեջանը զգուշացրել է՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների դեպքում «հարվածներ կհասցնի իր օդային տարածքը խախտելու համար»:

Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը եւս պնդում է, որ օդանավակայանի գործարկումը ձգձգվում է քաղաքական պատճառով: Նրա խոսքով՝ առանց քաղաքական պայմանավորվածության հնարավոր չէ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացնել: «Օդանավակայանը ոտքից գլուխ պատրաստ է, անձնակամը պատրաստված է: Ես քաղաքական գործիչ չեմ եւ իրավունք չունեմ քաղաքականությունից խոսել: Ես չեմ կարող մեկնաբանել, դա ուղղակի քաղաքական որոշում է: Եթե կհիշեք՝ մենք դեռեւս 2010 թվականի մայիսի 9-ին պատրաստվում էինք թռիչքին, ավելին՝ նախագահն էլ ասաց, որ ինքն է լինելու առաջին ուղեւորը, բայց չկայացավ: Հիմա նույնն են պատճառները, որոնք խանգարեցին այն ժամանակ: Ինձ թվում է՝ 99 տոկոսով հիմա եւս դա չի կայանա, քանի որ այդ պատճառները մինչեւ հիմա գործում են»,- նկատեց Ադբաշյանը:
Իսկ ահա ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ լինում են պատվիրակություններ, որոնք Երեւանից ուղղաթիռով են թռչում Ստեփանակերտ: «Եթե ոչ ամենօրյա ռեժիմով, ապա ամսվա մեջ մեկ կամ երկու այդպիսի թռիչքներ լինում են: Եթե թռիչքները Երեւանից դեպի Ստեփանակերտ ռեգուլյար լինեն, իհարկե, դրանք կարող են իրականացվել նաեւ Գյումրիից: Դրա նպատակարհարմարությունը տնտեսապես կա: Նշեմ, որ Ադրբեջանի ապակառուցողական ահաբեկչական քաղաքականության շնորհիվ է, որ այդ հարցը այսպիսի ընթացքի մեջ է, բայց ուշ թե շուտ, իհարկե, Ստեփանակերտի օդանավակայանը վերաշահագործարկվելու է»,- հավաստիացրեց Դ. Բաբայանը: Նկատենք, որ ըստ մասնագետների՝ Հայաստանի՝ Արցախին առավել մոտ շրջաններում եւս պետք է գործեն համանման մի քանի օդանավակայաններ:

Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ է, ինչ քննարկում են Ջերմուկում Երեւանի եւ Գյումրիի օդանավակայանների չափերին համապատասխանող օդանավակայան կառուցելու տարբերակը: Նախ՝ հեռավորությունը շատ հարմար է Երեւանից, առավելագույնս մոտ է Արցախին եւ բավարար հեռավորության վրա է ադրբեջանական եւ թուրքական սահմաններից: Ի դեպ, Ջերմուկ քաղաքը ժամանակին օդանավակայան ունեցել է, սակայն այն հիմա շահագործման համար պիտանի չէ: Իսկ նորի կառուցումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքերով ներառված է վարչապետին ներկայացված մարզի զարգացման ծրագրում:

Հայաստանը որպես տարանցիկ երկիր զարգացնելու հեռանկարային ծրագրերի հետ կապված` դիտարկվում է նաեւ Գորիսի օդանավակայանը «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններին այլընտրանք դարձնելու տարբերակը` հաշվի առնելով դրա հեռավորությունը եւ կապերը թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի հարավային շրջանների հետ: Սակայն Գորիսում քաղաքացիական օդանավակայան կառուցելու հարցը կարծես թե կրկին օդում կախված է մնում: Իսկ Շինուհայր օդանավակայանը (հայտնի է նաեւ որպես Գորիսի օդանավակայան), գտնվում է Գորիս քաղաքին կից Շինուհայր գյուղի մոտ: Նշենք, որ Շինուհայրի օդանավակայանը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ այն ռազմական նշանակության օբյեկտ է եւ ՊՆ-ն Շինուհայրի օդանավակայանով չի կարող քաղաքացիական չվերթներ իրականացնել:
Փոխարենը՝ Սյունիքի մարզպետարանը խոստանում է, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում: Ավելին՝ համապատասխան ուսումնասիրություններն ավարտվել են, եւ արդեն իսկ որոշում է կայացվել այն վերականգնել: Դե ինչ, սպասենք Երեւան-Կապան չվերթներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս