«Եվրատեսիլը» ողբերգության մի վերածեք, եթե պատրաստ եք խաղի՝ զվարճացեք. Ժակը համակրում է «Գաթա» բենդին և «Նեմրային»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներից հետաքրքիր կլինի եվրատեսիլյան բեմում տեսնել «Գաթա» բենդին կամ «Նեմրա» խմբին», «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան)՝ հավելելով, որ, օրինակ, նեմրացիների երիտասարդական համարձակությունը կարելի է օգտագործել մրցույթում:

Բացի այդ՝ Ժակը տվեց նաեւ Սեւակ Խանաղյանի անունը՝ նկատելով, որ այժմ նրա կարիերայում պիկերի շրջան է, եւ կարելի է այդ առիթից օգտվել. «Նա վերջերս երաժշտական մրցույթներում շատ հաղթանակներ է ունեցել, այսպես ասած՝ հաջողակ փուլում է»,-մեկնաբանեց հաղորդավարը՝ հավելելով, որ համակրում է նաեւ Թամար Կապրելյանին, ինչպես նաեւ բացահայտել է հետաքրքիր խումբ՝ «Ալտերնատիվը»:

Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության առաջարկած ֆորմատը ողջունելի է, քանի որ արդյունքում առաջ է եկել հաճելի լարվածություն եւ խառնաշփոթ. «Կարեւոր է, որ «Եվրատեսիլը» ողբերգության չվերածենք, կարծես թե սովորել ենք ավելի թեթեւ վերաբերվել այդ մրցույթին»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Ժակի բնութագրմամբ՝ նախորդ տարի, օրինակ, մրցույթի հանդեպ այս տարվա հետաքրքրությունը չկար, կորել էր, բայց այս տարի եվրատեսիլյան կրքերը կրկին բորբոքվել են. «Եթե պատարստ եք խաղի, խնդրեմ, զվարճացեք»,-ասաց Ժակը:

Հաղորդավարը «Եվրատեսիլ»-ով հետաքրքրվողներին բաժանեց երկու ճամբարի՝ մարդիկ, որոնք հիացած են մրցույթով եւ մարդիկ, որոնք ատելությամբ են լցված դրա հանդեպ. «Ամեն դեպքում, ադեկվատությունը պետք չէ կորցնել: Պետք է նաեւ հասկանալ, որ մրցույթը արտիստին հրաշալի հնարավորություն է տալիս ճանաչվելու դրսում, հանդես գալու ֆանտաստիկ բեմում եւ մթնոլորտում, ինչպես նաեւ տեղական շուկայում առնվազն երկու-երեք տարով բարելավելու իր դիրքերը, բարձրացնելու ելույթների գները»,-եզրափակեց Ժակը:

Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը հեռարձակվում է «Առաջին ալիքի» եթերում: Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Մրցույթի մասնակիցների թվում են Թամար Կապրելյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Հայկ Կասպարովը, «Նեմրա» խումբը, Սեւակ Խանաղյանը, Էնջլը, Տյոմը, Մհերը, «Ալտերնատիվ» խումբը եւ այլք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս