Զորամասի հրամանատարների տեղակալները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարների տեղակալները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ուսումնասիրություն է իրականացվում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարների տեղակալների կողմից յուրացված ավտոբենզինի մասով:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ՀՀ ՊՆ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է, որ զորամասի հրամանատարի տեղակալներին ամրակցված 2 ծառայողական ավտոմեքենաների համար 2015-2017թթ. ընթացքում լրացվել և ձևակերպվել են իրականում չկատարած երթերի վերաբերյալ ուղեգրեր, դրանցում զետեղվել են ակնհայտորեն ուռճեցված, ինչպես նաև անորոշ երթուղիների վերաբերյալ տեղեկություններ։

Արդյունքում, միայն հիշյալ երկու ավտոմեքենաների շահագործման վերաբերյալ կազմված ուղեգրերով նշված ժամանակահատվածում հավելագրվել է ավելի քան 26.500 կմ, որի համար ծախսագրվել է ավելի քան 3,5 տոննա ավտոբենզին։ Վերոհիշյալ փաստերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն:

Ստացվում է, որ զորամասի պաշտոնատար անձինք իրենց ղեկավարներին ցույց են տվել, թե իբր գործ են անում, հրամանտարի ծառայողական մեքենաներով տարբեր տեղեր են գնում , սակայն արդյունքում ոչինչ էլ չեն արել: Իսկ երբ բանը հասել է այնտեղ, որ վերջիններս պետք է կատարած աշխատանքի մասին կոնկրետ փաստաթղթերում նշումներ կատարեն, վերջիններս սկսել են ստեղծագործել, թե այստեղ են գնացել, այնտեղ են գնացել, ուռճացված թվեր են ներկայացրել կատարած երթեւեկության մասին, սակայն ոչինչ էլ չեն արել:
Չի բացառվում, որ մի շարք հրամանատարների, նրանց տեղակալների այսօրինակ գործելաոճի հետեւանքով էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ հայտնի դարձավ, որ մի շարք զրահատեխնիկաներ չեն աշխատել: Ստացվում է, որ զորամասի հրամանատարական կազմը իր պարտականությունների մասով ոչինչ չի արել, ինչի արդյունքում վատնում է պետության կողմից հատկացված ավտոբենզինը:

Քնար Մանուկյան




Լրահոս