ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հարկատուների հաշվին դատավորներին ուղարկում են թոշակի». իմքայլականը կողմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կառավարության նիստում հավանության արժանացավ «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Ընդ որում, այն համարվել է հրատապ նախագիծ, եւ խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:

Ինչո՞վ է պայմանավորվում այս հապճեպությունը, եւ ի՞նչ կապ ունի այն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին տուն ուղարկելու հետ։ Այս հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ։

-Պարո՛ն Գրիգորյան, օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընկալվում է որպես եւս մեկ տարբերակ Հրայր Թովմասյանին «տուն ուղարկելու» համար։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ կարծիքներին։

-Ես նախ չեմ հասկանում՝ ինչի կարող է մեկնաբանություն լինել պարոն Թովմասյանի մասով, եթե այդ դրույթը տվյալ դեպքում տարածվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի նախագահի վրա, այլ այն բոլոր ՍԴ դատավորների, ովքեր դեռեւս անդամի կարգավիճակով նշանակվել են ԱԺ կողմից։

-Բայց չէ՞ որ վերջին շրջանում «Իմ քայլը» պայքարում է հենց Հրայր Թովմասյանից ազատվելու համար։

-«Իմ քայլը» չի պայքարում ՍԴ նախագահին, դատավորին կամ առհասարակ որեւէ մեկին «տուն ուղարկելու» համար։ ՍԴ մասով սկսված գործընթացը վերաբերում է նրան, որ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել տիրող իրավիճակին։ Մեզ այն ժամանակ ասում էին` եթե ՍԴ-ն մերժի, այսինքն` չդադարեցվի պարոն Թովմասյանի լիազորությունները, ես դեռ այն ժամանակ ասել եմ՝ ինքնին երեւույթը, որ ԱԺ-ն նման քայլ է անում՝ արժեւորելով դատարանի անաչառությունը, դա արդեն արժեք է պետության համար եւ ապագային միտված քայլ։ Այստեղ չկա որեւէ անձնավորված հարց. եթե մարդիկ չեն հավատում, դա իրենց գործն է։

-Բայց նույնիսկ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էր ասում, որ ԱԺ-ն անօգուտ գործով է զբաղված՝ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու դիմում ուղարկելով Սահմանադրական դատարան։

-Պարոն Գրիգորյանի մեկնաբանությունը եղել է դիմումը մերժելուց հետո։ Իր դիրքորոշումը իրն է, որի հետ ես կարող եմ համաձայնվել կամ ոչ։ Նա ձեւակերպում էր, թե մազաչափ անգամ չենք մոտեցել ՍԴ ճգնաժամը լուծելու, այդ նախագիծն ի սկզբանե չի ներկայացվել որպես ճգնաժամի լուծում։ Ես ասել եմ, որ նման նպատակ չի եղել, բայց եթե դադարեցվեր, այն կմեղմեր ճգնաժամը։

-Այդ դեպքում հիմա ինչպե՞ս եք տեսնում ճգնաժամի լուծումը, եթե ո՛չ մեղմվեց, ո՛չ էլ լուծվեց։

-Ինչ-որ քայլերի հաջորդականություն, որի մասին ես հայտարարեմ, չկա։ Որ հայտարարելու բան լինի, կիմանաք։ Քննարկումներ տարբեր հարցերով մշտապես գնում են։ Ինչ վերաբերում է պարոն Թովմասյանի գործընթացին, այն եղել է, որով ԱԺ-ն ֆիքսել է, որ կոնկրետ փաստերով պետք է հայտնվեր իր անհամատեղելիության մասին եւ չի հայտնվել։

-Իսկ որքանո՞վ էր օրենքը հրատապ։

-Օրենքի ընդունման հրատապությունն ավելի շատ կառավարության տիրույթում է։ Ես հրատապություն տեսնում եմ գոնե նրանից, որ շատ լրագրողներ մշտապես հարցնում են՝ հիմա ինչ է լինելու, եւ այդ հարցերի քանակը, ինտենսիվությունն արդեն բավարար ապացույց է, որ հրատապ են լուծումները։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս