ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարևոր փոփոխություն հունվարի 1-ից. որ դեպքում վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 1-ից կարեւոր փոփոխություն է սպասվում վարորդների համար: Ներդրվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ, որը մեծ աղմուկ է հանել քաղաքացիների շրջանում։ Եվ հենց դա է պատճառը, որ օրենսդրական փաթեթի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում նախատեսում է քննարկում շահագրգիռ կողմերի հետ: Ընդ որում, նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը:

Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից, եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությամբ նախատեսվում է, որ վարորդը մեկ տարի ժամկետով ստանալու է 9 միավոր, իսկ խախտում կատարելիս այդ տարում տրված միավորներից կհանվեն տուգանային միավորներ։ 9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։
Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք: Օրինակ` մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում կզրկվի 1 միավորից, խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր: Սակայն սա խախտումների միայն մի մասն է: Իհարկե, կարող են կարեւոր փոփոխություններ լինել, սակայն պետք է բարձրացվի հանրային իրազեկվածությունը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս