Հայաստանում մայիսի 18-ից պարտադիր է դիմակ կրելը: Այսուհետ փակ հաստատություններում պետք է բոլորը դիմակ եւ ձեռնոց կրեն, իսկ, ահա, բաց տարածքներում դրանք ունենան, այլապես, Ազգային ժղովի այսօրվա որոշմամբ, նրանք կտուգանվեն 10 հազար դրամով:
Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում: Նկատենք, որ եվրոպական տարբեր երկրներում դիմակ կրելը պարտադիր է եղել վաղուց: Մասնավորապես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ Բելգիայում բոլորը պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել: Իշխանությունները նաեւ հայտնել են, որ մարդիկ կարող են փակել իրենց քիթն ու բերանը ցանկացած տարբերակով, ոչ միայն բժշկական դիմակների օգնությամբ:
Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում, եւ ի՞նչ կանոններ են գործել մինչեւ այժմ: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները սահմանել են ամենախիստ պատիժները կարանտինի նորմերը խախտելու համար: Եթե այնտեղ մարդիկ խախտեն ինքնամեկուսացման ռեժիմն ու վարակեն մարդկանց, ապա նրանց սպասվում է 100 հազար դոլար տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում, սակայն սա միայն այն դեպքում, եթե այս խախտումը չի հանգեցրել մահվան: Իսկ, ահա, եթե ինքնամեկուսացման ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպք է արձանագրվում, ապա տուգանքը կազմում է 250 հազար դոլար կամ այլընտրանք՝ մեկ տարվա ազատազրկում:
Իսպանիայում եւս խիստ պատժամիջոցներ են սահմանված եղել կարանտինային ռեժիմը խախտելու համար: Իսպանիայում առանց հարգելի պատճառի տանից դուրս գալու համար սահմանված է տուգանք՝ 1500 եվրոյի չափով: Միեւնույն ժամանակ Իսպանիայում տուգանքի մի տարօրինակ դեպք է գրանցվել: Մի կին ոստիկանների կողմից տուգանվել է այն բանի համար, որ իր դուստրը մեքենայի մեջ իր կողքին է եղել տարեց ծնողներին այցելության ժամանակ:
Իտալիայում կարանտինի կանոնները նույնն են: Մարտի 10-ից երկրում փակ էին դպրոցները, թանգարանները, թատրոնները, արգելվում էին մասսայական միջոցառումները: Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար Իտալիայում եւս խիստ պատժամիջոցներ էին առկա: Միջին տուգանքը կազմում է 206 եվրո: Սակայն կային նահանգներ, որտեղ սեփական կանոններն էին գործում, եւ այնտեղ տուգանքը հասնում էր մինչեւ 5 հազար եվրոյի: Մի քանի դեպքերում անգամ կարող էր ազատազրկում նախատեսվեր:
Կանոններ խախտելու համար խիստ են պատժում ամբողջ աշխարհում: Օրինակ՝ Ֆրանսիայում առաջին անգամ չլսելը կարժենա 135 եվրո: Երկրորդ անգամ նույն արարքը կրկնելը կարժենա 1500 եվրո, իսկ պարբերաբար կրկնությունը կարող է անգամ 6-ամյա կալանքի պատճառ դառնալ:
Ներկայացնում ենք մի քանի տվյալներ.
Նորվեգիա՝ 126 եվրո կամ 10 օրով կալանք,
Ավստրալիա՝ 50 հազար դոլար կամ մեկ տարվա ազատազրկում,
Արգենտինա՝ 1.5 հազար դոլար տուգանք կամ 3-15 տարվա ազատազրկում,
Մալթա՝ 14 հազար եվրո տուգանք,
Իսրայել՝ 3-7 տարվա ազատազրկում,
Ուզբեկստան՝ մինչեւ 8 տարվա ազատազրկում:
Իսկ, ահա, Հայաստանում ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու եւ անձին վարակելու դեպքում, որի արդյունքում վերջինս ձեռք է բերում ծանր առողջական խնդիր (որեւէ օրգանի գործունեության դադարում), նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-700- ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Այժմ, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, տուգանք է նախատեսված դիմակներ չունենալու համար՝ 10 հազար դրամի չափով: Նկատենք, սակայն, որ դիմակները պարտադիր են եղել ամբողջ աշխարհում դեռ մարտից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԻ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել. «Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների եւ առողջության կենտրոնների հարգելի՛ բուժաշխատողներ, մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթեւ, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթեւ ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է: Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների եւ այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից: Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ: Խնդրում եւ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց: ԱԱՊ օղակի եւ հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե՛ մեթոդական հարցերի, թե՛ կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով»:
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովում՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով:
«Այսպես՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում բանկային դեպոզիտ ունի միայն արտասահմանյան արժույթով, ապա երաշխավորված ավանդի գումարը կազմում է 7 մլն դրամ: Ընդ որում, եթե անվճարունակ բանկում ավանդատուն բանկային դեպոզիտներ ունի ինչպես ազգային, այնպես էլ արտասահմանյան արժույթներով, իսկ դրամով բանկային ավանդի գումարը գերազանցում է 7 մլն դրամը, ապա երաշխավորում է միայն մինչեւ 16 մլն դրամ դեպոզիտը: Իսկ եթե անվճարունակ բանկում ավանդատուն բանկային դեպոզիտներ ունի դրամով եւ արտասահմանյան արժույթով, եւ նրա բանկային ավանդի գումարը կազմում է 7 մլն դրամից պակաս, ապա դրամով եւ արտասահմանյան արժույթով դեպոզիտն ամբողջ ծավալով երաշխավորվում է 7 մլն դրամի չափով: Ընդ որում, դրամով փոխհատուցվող բանկային դեպոզիտի միջեւ տարբերությունը նույնպես երաշխավորվում է»,- պարզաբանել է պատգամավորը: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Այսօր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Ըստ «Հայպետհիդրոմետ»-ի՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +27+29: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+24; Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+24; Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +21+24; Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+24; Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+25; Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27; Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+24; Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +25+27; Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+30; Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+30, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+24; Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+30; Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30; Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+23: