Ինչ նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ստորագրել է մի շարք
հրամանագրեր, ըստ որոնց՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի
նախարար, Սամվել Շահրամանյանը՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և
զբոսաշրջության նախարար՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Հանրապետության նախագահն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպել
աշխատակազմի պատասխանատուների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա անելիքները: Նա անընդունելի
է համարել Արցախի հարցով Ադրբեջանի վարած ռազմաշունչ դիվանագիտությունը՝ նշելով, որ այն
հակամարտության կողմերին հեռացնում է խաղաղ կարգավորման գործընթացից: Հաջողություն մաղթելով
նախարար Մայիլյանին՝ նախագահը հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում
իրականացվող աշխատանքները:

Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է Շուշի քաղաք և նորանշանակ նախարար Սամվել
Շահրամանյանին ներկայացրել կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ստեղծված
ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության
անձնակազմին: Նախագահն իր խոսքում նշել է, որ նոր նախարարության ձևավորումն ինքնանպատակ չի
եղել, քանի որ խնդիր է դրված երիտասարդ սերնդի շարունակական դաստիարակության կազմակերպումը
որակական նոր մակարդակի հասցնելու: Նա շնորհակալություն է հայտնել մշակույթի, երիտասարդության
հարցերի և զբոսաշրջության արդեն նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին բարեխիղճ աշխատանքի
համար:

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության
ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Այդ առթիվ նախագահն
այսօր այցելել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն և անձնակազմին ներկայացրել Կամո
Աղաջանյանին: Ա. Հարությունյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին և համոզմունք հայտնել,
որ նոր տնօրենի գլխավորությամբ ծառայության աշխատանքը հավուր պատշաճի կիրականացվի:
Ժիրայր Միրզոյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Աշոտ
Բախշիյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի
Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումներ, ըստ որոնց՝ Քաշաթաղի
շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քաշաթաղի
շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Արտյոմ Սարիբեկյանը, իսկ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝
Էրիկ Հարությունյանը:




Լրահոս