ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երգն իրական սիրո պատմություն է․ Քրիստինե Պեպելյանը՝ նոր երգի ու Սարգիս Եղիազարյանի հետ համագործակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը եւ Սարգիս Եղիազարյանը շուտով հանդես կգան նոր դուետով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ «Իմ սեր» երգի տեսահոլովակն ունի հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ սիրո հուզիչ նախապատմություն:

-Քրիստինե´, շուտով Սարգիս Եղիազարյանի հետ համատեղ Ձեր երկրպագուներին կներկայացնեք նոր զուգերգ, նոր տեսահահոլովակ, երգը կոչվում է «Իմ սեր»: Կներկայացնե՞ք երգի պատմությունը:

-Երգը ստեղծվել է իրական սիրո պատմության հիման վրա, ու այն հատուկ գրվել է շատ լավ ու համերաշխ երիտասարդ ընտանիքի համար, ասեմ նաեւ, որ նրանք իմ շատ լավ ընկերներն են` Արսենն ու Ալիսան, որոշեցին միմյանց երգի տեսքով անակնկալ մատուցել: Երգի մեջ ամեն խոսքը, ամեն բառը սիրո պատմության մասին է, ու այն մենք սիրով ստեղծեցինք սպասելիքով, մեծ ակնկալիքի այն հույսով, որ մարդիկ շատ կհավանեն:

-Ինչպե՞ս ծնվեց Սարգիս Եղիազարյանի հետ համատեղ դուետով հանդես գալու գաղափարը:

-Սարգիս Եղիազարյանի հետ դուետի առաջարկը եղել է հենց Սարգիսի կողմից: Ես ընդունեցի առաջարկը, քանի որ նա, լինելով երիտասարդ ու շատ շնորհալի կատարող, կարծում եմ, որ ունի բավականին լավ ճաշակ ու հետաքրքիր երգացանկ: Այդ իսկ պատճառով որոշեցի չմերժել նրա առաջարկը եւ մեծ ուրախությամբ համաձայնեցի երգել: Եվ այդ ընթացքում էր, որ մտածում էինք, թե ինչ երգ պետք է ստեղծենք ընկերներիս համար: Զուգադիպությամբ այդ երգը գրվեց, ու որոշեցինք, որ սա էլ կլինի մեր դուետը: Եվ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էինք, եւ նույնիսկ կարող եմ ասել, որ ավելի լավ:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե այն իրական սիրո պատմություն է, ինչպե՞ս է ստեղծվել երգ:

-Այո´, այս ընտանիքը, որի համար ստեղծվել է երգը, արդեն 13 տարի է` համատեղ ապրում են , ու այդ սերը, զգացմունքը, մշտապես միմյանց անակնկալներ անելու ցանկությունը հանգեցրեց այս երգի ստեղծմանը: Կարծում եմ` այս սերը, ոգեւորությունը վարակիչ կլինի շատ զույգերի համար:

-Ովքե՞ր են երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակաները:

-Երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը համատեղ ստեղծվեցին Անահիտ Մխիթարյանի եւ Ռազմիկ Ամյանի հետ: Անահիտ Մխիթարյանը երգ-տների հեղինակն է, իսկ Ռազմիկ Ամյանը` կրկներգի: Ստացվեց շատ մեծ ու գեղեցիկ թիմային աշխատանք, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ բոլորն իրենց լուման ունեցան այս բարի գործի համար:

-Տեսահոլովակից պարզ է դառնում, որ այն ունի բովանդակալից թեմատիկա: Ո՞ւմ միտքն եղել դա:

-Տեսահոլովակի սյուժեն բարդ չէ, պարզ սյուժետային գիծ ունի: Բնականաբար միտքը ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանինն է, ով ամբողջությամբ գծել է մեր տեսարանների հետ կապված ամեն ինչը, հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անում է Սյոման:

-Ինչպես միշտ տեսահոլովակում Դուք առանձնահատուկ կանացի եւ նուրբ կերպարով եք հանդես գալիս: Ո՞վ է զբաղվում այդ ամենով:

-Տեսահոլովակում իմ կերպարը կերտել է ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը, ով նաեւ զբաղվել է Սարգիսի արտաքին իմիջով, հագուստներով: Ինչպես միշտ այս անգամ եւ աշխատել ենք Արամ Նիկոլյանի հետ:

-Արդյոք Դուք ինքներդ եք մոդելավորո՞ւմ Ձեր զգեստները:

-Ես իմ զգեստները չեմ մոդելավորում, այլ աշխատում եմ մոդելավորողների հետ, եւ նախընտրում եմ հայ դիզայներների հետ աշխատել: Հիմնականում աշխատում եմ Նիկոլյանի հետ: Այն դիզայներների հետ, որ աշխատում եմ հաշվի են առնում իմ ցանկությունները եւ կիսվում եմ իմ գաղափարներով, պատկերացումներով, բայցեւ կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, եւ շատ դեպքերում չխառնվի ու չխանգարի: Այն դիզայների հետ, որ ես պատրաստվում եմ աշխատել, փորձում եմ չծանրաբեռնել, ավելորդ խորհուրդներ չտալ, չխանգարել, եւ դրա արդյունքում ստեղծվում են կերպարներ որոնք ինձ համար հարմարավետ են, իմ տեսակի եւ բնության մեջ են: Եվ այս դեպքում շատ շնորհակալ եմ Նիկոլյանից:

-Եվ քանի որ արդեն ամառ է, բայց եւ այնպես այս ամառը տարբերվում է մյուս բոլոր տաքուկ եւ ջերմ ամառներից: Ինչպիսի՞ ոճ եք նախընտրում կրել առօրյայում:

-Եվ ամռանը, եւ առհասարակ տարվա ընթացքում նախընտրում եմ հանգիստ ոճի հագուստ: Կարծում եմ` հիմա այդ ոճն ավելի թրենդային է դարձել ու մարդկանց մեծամասնությունը նախընտրում է լինել ավելի առօրեական, ավելի հարմարավետ հագուստով: Ես էլ բացառություն չեմ, նկարահանումների, եւ բեմում մենք շատ ենք լինում երեկոյան ծանր հագուստներով, որոնց մեջ երբեմն դժվար է լինում շարժվել, ու հենց դա է պատճառը, որ առօրյայում նախընտրում եմ լինել աչքի չընկող, հարմարավետ, պարզ եւ հասարակ հագուստով:

-Աքսեսուարների մասով ի՞նչ կասեք:

-Երեւի շատերը նկատած կլինեն, որ աքսեսուրաներ կրում եմ միայն տեսահոլովակների եւ նկարահանումների ժամանակ: Իսկ առօրյայում շատ հազվադեպ է պատահում, երբ կարող եմ կրել ինչ-որ մի զարդ, քանի որ դրանք ինձ ավելորդ ծանրություն են տալիս, եւ ես լարվում եմ դրանց առկայությունից: Առանց դրանց իմ կյանքն ավելի հարմարավետ է:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս