ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչներն անելանելի վիճակում են: Տեւական ժամանակ է՝ ինչ ճամբարակցիները պայքարում են մորեխների դեմ: Դրանք հիմնականում վնասում են անասնակերը:
Ճամբարակի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սերյոժա Ավալյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն հասցրել են մոտ 50 հա սրսկել:
«Չարաբաստիկ մորեխները Ճամբարակի տարածքում են հանգրվանել: Դրանք հիմնականում վնասում են անասնակերըւ: Կռոթուկներն այնպես են հնձում, որ դրանից բան չի մնում, փափուկ խոտերն են կրծում: Դա մեզ համար նորություն չէ, մորեխը մի փոքր կոպիտ է հնչում, մեզ մոտ ծղրիդ են դրանց ասում: Դրանք շատացել են եւ խոտով են կերակրվում, վերջերս սրսկեցինք, մեծ անկումներ եղավ: Երկու տարի առաջ դրանք հայտնվեցին մեզ մոտ, Արտանիշի կողմերից են եկել»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Մեր զրուցակցի խոսքով, մասնագետներ են եկել Ճամբարակ, առաջարկել են թունաքիմիկատներ. կարճ ժամանակ անց արդյունքը նկատելի է եղել:
«4 ժամ հետո զգացվեց արդյունքը: Ուղղակի մենք հիմա խնդիր ունենք, քանի որ Ճամբարակը սահմանամերձ է, հետեւաբար չենք կարող օդային տրանսպորտային միջոցով պայքարել մորեխների դեմ, իսկ դա ավելի արդյունավետ կլիներ: Բայց մյուս կողմից էլ, դրանք, որ մեծանում են, վնաս քիչ են տալիս: Հիմա մեր պայքարի նպատակն է, որպեսզի դրանց վերացնենք, որ ձու չդնեն. ձուն իրենք դնում են հողի մեջ, եթե ձմեռը մեղմ եղավ ու չցրտահարվեն, արագ բազմանում են»,- բացատրեց Ավալյանը:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն ահազանգել էր այն մասին, որ թրթուրները վնասել են Արա լեռան անտառի ծառերը:
Սյունէ Համբարձումյան