Նախկին ՀՀԿ-ական Վեդիի քաղաքապետը վաճառե՞լ է քաղաքում պետական տարածքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, որը համայնքապետ է շուրջ 21 տարի, ըստ մեզ հասած տեղեկությունների, հասցրել է իր ղեկավարման տարիներին մի շարք տարածքներ սեփականաշնորհել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետը Վեդիի ավտոդպրեցի տարածքը վաճառել է իր հարազատներին, որտեղ պատրասվում է շինարարություն իրականացնել: Նշվում նաեւ, որ քաղաքապետը պատմամշակութային  տարածք հանդիսացող «Դավիթ-Բեկ»քարանձավն է վաճառել, որին կից կա ավազահանք, որն էլ վաճառվել է:

Նշվում է նաեւ, որ Վեդի քաղաքի նախկին կոլ.տնտեսության վարչական շենքը եւ դրա զբաղեցրած ամբողջ տարածքը՝ շենք շինությունների հետ միասին ձեւական աճուրդի միջոցով վաճառել է երեք անձի, որի մեծ հատվածը գնել է նրա  հորաքրոջ տղան, իսկ մնացածն էլ իր հարազատներին է հատկացվել: Այս ամենի իսկությունը պարզելու համար մենք զրուցել ենք Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ, որը նախկին ՀՀԿ-ական էր, իսկ այժմ դուրս է եկել կուսակցությունից: Սկզբում Բարսեղյանը վրդովվեց մեր հարցերից, որից հետո հայտարարեց, թե կպատասխանի բոլոր այն մեղադրանքներին, որոնք կան:

Պարո՛ն Բարսեղյան, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Դուք Վեդիիում առկա մի շարք պետական հողատարածքներ կա՛մ վաճառել եք, կա՛մ այն սեփականաշնորհել են Ձեր հարազատները: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:

Այդ տեղեկությունները, որոնք ձեզ փոխանցել են, այդ նույն տեղեկությունները տրվել են նաեւ ոստիկանությանը, իրենք զբաղվում են, թող իրենք ուսումնասիրեն, գտնեն, պարզեն: Մենակ մարդուն անկապ փնովեն, գրեն տեղեկություններ, տենց չի կարելի, ուղղակի  անհասկանալի է, թե ինչի են նման տեղեկություններ տարածում: Արդեն երկու օր է այդ նույն պատմություններ են:

-Ըստ մեր տեղեկությունների՝ Վեդի քաղաքի նախկին կոլ.տնտեսության վարչական շենքը եւ դրա զբաղեցրած ամբողջ տարածքը՝ շենք շինությունների հետ միասին ձեւական աճուրդի միջոցով վաճառել եք…

Ես դրա հետ որեւէ առընչություն չունեմ:

-Դուք այն վաճառել եք Ձեր հարազատ հորաքրոջ որդուն…

-Ես արդեն ձեր հարցին պատասխանել եմ, ես դրա հետ որեւէ կապ չունեմ:

-Վեդիի ավտոդպրոցի տարածքը եւս վաճառել եք…

Ավտոդպրոցի տարածքը, ես ոնց կարող եմ վաճառել, անհասկանլի բան են ասում, ավտոդպրոցը հիմնարկություն է, որը ունի տարածք, ես ոնց կարող եմ դա վաճառել: Իհարկե , վաճառք չի եղել, տականքություն է նման տեղեկություն տալը:

-Մեզ տեղեկություն են փոխանցել նաեւ, որ «Դավիթ-Բեկ» քարանձավի հարակից տարածքն եք վաճառել, կա՞ նման բան:

Եթե պատմամշակութային հուշակոթող է, ո՞նց համայնքի ղեկավարը կարող է վաճառել կամ օտարել, երբ այն հատուկ պահպանվող տարածք է: Դա Վեդիի ամրոցն է, որը 60 հա տարածք է, որը հատուկ պահպանվող տարածք է, նման բան չի կարող լինել: Ով է իր գլխից ձեռք քաշել նման հիմարություն անի, դա բացառվում է: Ես էդքան հասկացողություն ունեմ, ես ոնց կարող էի նման բան անել: Դուք պետք է հաջորդը հարցնեք Վեդիի գերեզմանոցի տարածքը, ես կարող եմ արդեն ասել, դրանք արդեն անգիր եմ արել, ոնց կարող եմ ես գերեզմանոցի տարածքը վաճառեմ, կամ ոնց կարող է նման տարածքը վաճառվի:

-Իսկ Ձեզ հայտնի է, թե ովքեր են նման տեղեկություններ տարածողը, եթե Դուք պնդում եք, որ իրականում նման բան չկա, մենք տեղեկություններ ունենք, որ Վեդիիում շատ լուրջ դժգոհություններ կան Ձեր հետ կապված:

Ես չգիտեմ,  որ իմանայի, այդ մարդկանց դատի կտայի կամ էլ ստից ինֆորմացիաներ են տալիս, ոստիկանություն են դիմում, չգիտեմ: Ես Վեդիում ոչ մի բան չունեմ, որի համար իմ էրեխեքն էլ են ինձ ամոթանք տալիս, ասում են այսքան տարվա քաղաքապետ ես՝ մի բան չունես, կենտրոնում մի կտոր հող էլ չունես: Ես մաքուր եմ, ազնի եմ ու ոչ մի ամաչելու բան չունեմ, ես ինչ ունեմ՝ ունեմ: Եթե ինչ-որ մի բան էլ ունեցել եմ, ես դա ունեցել եմ մինչեւ քաղաքապետ լինելս: Այսքանը:

Հ.Գ. Մենք փորձեցինք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության կետ կապերի վարչությունից պարզել, թե Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հետ կապված ինչ գործ է քննվում ու ինչ փուլում է: Մեզ փոխանցեցին, որ քաղաքացի է դիմել Վեդիի ոստիկանության բաժին, որի հիման վրա այս պահին նյութեր են նախապատրաստվում:

 Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս