Հայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են ծանրոցների փոխադրման սակագները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին «Հայփոստ» ընկերությունը և Ռուսաստանի փոստը ստորագրեցին Համաձայնագիր երկու երկրների միջև փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին:

Համաձայնագրի ստորագրումը կայացավ ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի և «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ Նիժնիյ Նովգորոդ քաղաքում անցկացվող «Արդյունաբերական Ռուսաստանի թվային արդյունաբերությունը» կոնֆերանսի ընթացքում:
2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի մեկ ու կես անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի), նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի):

Լրագրողների հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց. «Սույն համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայփոստի հաճախորդներին: Հիմա մեր հաճախորդները կարող են ռուսական օնլայն խանութներում պատվիրել ցանկացած ապրանք առանց միջնորդների և հավելյալ ծախսերի ու ստանալ իրենց պատվերը Հայփոստի միջոցով աննախադեպ ցածր գնով: Նույն հնարավորությունը ստանում են Ռուսաստանի փոստի հաճախորդները, ովքեր կարող են Հայաստանի ցանկացած օնլայն խանութից ապրանք պատվիրել և փոխադրման համար վճարել նախկինից գրեթե 3 անգամ քիչ: Մոսկվայի և Երևանի համար սահմանվել է «Երկու մայրաքաղաքների սակագին» հատուկ գնառաջարկը: Ես հավատացած եմ, որ մեր երկու երկրների փոստերի միջև համագործակցությունը պետք է համապատասխանի մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերային հարաբերություններին, իսկ փոստային փոխադրումների ծավալները՝ տնտեսական հարաբերությունների մակարդակին»:

Ընդգծելով, որ սույն համաձայնագիրն էականորեն կհեշտացնի ՌԴ-ում գործող բիզնես ընկերությունների աշխատանքը Հայաստանի հաճախորդների հետ՝ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը նշեց. «Հայաստանը պատմականորեն շատ կարևոր
տարածաշրջան է ՌԴ-ի համար, և շատ կարևոր է մեզ համար, որ բացի եռակի գնիջեցումից մենք նաև ներկայացված կլինենք Հայփոստի շուրջ 900 բաժանմունքում: Սա թույլ կտա նաև էականորեն լավացնել մատուցվող ծառայության որակը, իսկ մենք գիտենք, որ որակյալ ծառայությունը և հարմարավետությունը պակաս կարևոր չեն հաճախորդին գոհացնելու հարցում»:

Այսպիսով, համաձայնագիրը, ըստ էության, չեզոքացնում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության առկա տնտեսական խոչընդոտները, ինչը նաև կնպաստի էլեկտրոնային առևտրաշրջանառության ծավալների աճին: Սույն համաձայնագիրը կստեղծի յուրահատուկ մրցակցային միջավայր ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, մասնավորապես՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև:




Լրահոս