ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս տրոլեյբուսի վիճակը, մեղմ ասած, անմխիթար է։ Այս «տանջված» տրանսպորտային միջոցը ծառայում է հասարակությանը։

 

 

ՎԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:

Իրինա Կարապետյան (53 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքի, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ): Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:

Ֆինանսական համակարգի հաշտարար

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում որ ուսանողներն իրավունք ունեն օգտվել ուսման վարձի զեղչից:

Հայկուհի Մելքոնյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին,

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,

3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,

6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին,

7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

ՀՀ կրթության, գիտութան, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների:




Լրահոս