ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր III-ը համարում է, որ եկել է պահը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեւական խաղաղության հաստատման համար: Այս մասին դեսպանն ասել է՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի:
«Շնորհակալություն եմ հայտնում դեսպան Կասպրշիկին, դեսպան Պոպովին, դեսպան Վիսկոնտիին, պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին եւ փոխգնդապետ Մուստաֆարաջին։ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին»,- նշել է Գիլմորը: Դեսպանը հավելել է, որ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունել է բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, եւ կարեւորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տեւական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ»,- գրել է դեսպանը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում որեւէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ. վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։
«Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։ Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետեւանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջեւում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաեւ հոկտեմբերի 29-ին Ժնեւում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ»,- նշել է Գիլմորը:
Դեսպանը հայտնել է, որ Միացյալ Նահանգները շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար:
«Ես վստահ եմ, որ ամերիկացի կամավորներն ու աշխատակիցներն իրենց դերակատարումը կունենան հումանիտար ճգնաժամի այս իրավիճակը կարգավորելու գործում։ Շատ մեծ ու քայքայիչ է այս հակամարտության ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու բարեկեցության հարցում։ Միացյալ Նահանգներում մենք ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Քանի որ բոլոր կողմերը ԵԱՀԿ անդամներ են եւ ընդունում են Եզրափակիչ ակտի սկզբունքները, մենք խրախուսում ենք, որ մասնակից երկու պետություններն օգտագործեն ԵԱՀԿ ռեսուրսները, որոնք կօգնեն ԵԱՀԿ սկզբունքների իրագործման ու ԵԱՀԿ առաջ ունեցած պարտավորությունների կատարման հարցերում։ Այս ձգձգված հակամարտության համար տեղի համայնքները շատ բարձր գին են վճարել, եւ մենք դա գիտակցում ենք։ Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տեւական խաղաղության հաստատման»,- գրել է դեսպանը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր III-ը վստահություն է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տեւական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին։
20 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն անտրամադիր են. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը. «Կարելի է ասել, որ ժողովրդի մոտ հանդարտ վիճակ է… Այն, ինչ եղավ, եղավ: Տրամադրությունը շատ վատ է, իսկ մնացած առումով իրենց կյանքով ապրում են: Ինձ թվում է՝ ընդհանուր իրավիճակի հետ կապված աշխարհի բոլոր անկյուններում էլ ոչ մի հայի տրամադրություն չի կարող լավ լինել»:
Գյուղապետի խոսքով՝ մարդկանց տարհանելու համար ճանապարհները բաց են: «Այս ճանապարհները մինչեւ նոյեմբերի 24-ը բաց են՝ ըստ պայմանավորվածության, եթե ինչ-որ բան չփոխվի: Նորմալ է, ամեն ինչ արվում է: Ամենակարեւորը՝ ժողովրդի մեջ խուճապ չկա»,- նկատեց Ավետյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ գյուղի բնակիչներն այս օրերին ինչով են զբաղվում: Մեր հարցին ի պատասխան՝ Հակոբ Ավետյանն ասաց. «Ովքեր բերքահավաք են արել, իրենց բերքը պահեստավորելով, այդ հարցերով են զբաղված, պատրաստվում են ձմեռ դիմավորել… Ինչ որ անում են գյուղերում՝ ձմեռվա պատրաստություն»:
Հակոբ Ավետյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է, բայց միաժամանակ մի խնդրի մասին բարձրաձայնեց՝ կարտոֆիլի իրացման հետ կապված: Այս մարզում կարտոֆիլի իրացման խնդիրն արդեն մի քանի տարի է՝ այդպես էլ չի լուծվում: «Ժողովրդի մոտ անհասկանալի վիճակ է, երեւի դրա հետ է կապված: Բայց դե, նորմալ կլինի… Կարտոֆիլի շատ մեծ քանակություն կա, որը պետք է արտահանվի Հայաստանից, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կունենան ֆերմերները, նաեւ ես ինքս»,- անկեղծացավ խոշորացված համայնքի ղեկավարը:
Գյուղապետից տեղեկացանք, որ այս ընթացքում գյուղացուն մեկ կիլոգրամ կարտոֆիլի դիմաց առաջարկում են 80 դրամ, ինչը ձեռնտու չէ: «Այս դեպքում ինքը մինուսով է դուրս գալիս: Ասեմ՝ Հայաստանի կարտոֆիլի ամենախոշոր ցանողներից մեկը ես եմ, բայց էդ շուկայական հարաբերություններն այնպես են, որ եթե դրսում թանկ եղավ, պահանջարկ եղավ, ոչ մեկ չի խոչընդոտում արտահանելուն, իսկ եթե դրսում էժան է, արդեն արտահանելն իմաստ չի ունենում»,- ներկայացրեց Հակոբ Ավետյանը:
Նրա խոսքով՝ իր ղեկավարած համայնքում եւ ենթակա վարչական շրջաններում ավելի քան 20 հազար տոննա պահեստավորած կարտոֆիլ կա, որը իրացման կարիք ունի: Հուսանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Գեղարքունիքի մարզպետարանը գոնե հիմա կմիջամտեն եւ հարցին լուծում կտան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞Վ Է ՆԵՐԽՈՒԺԱԾԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրադադարի հայտարարության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո մի խումբ անձինք մուտք են գործել ՀՀ կառավարության շենք եւ այնտեղ գույքը վնասել։ Խորհրդարանի շենք ներժուժելու, անկարգությունների համար ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկվածների մեջ է այդ օրը կարմիր սվիտերով, ռազմական բաճկոնով հագնված անձը՝ Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը։ Նրա կինը՝ Մոնիկա Մանուկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր ամուսինը կռվել է Արցախում, որտեղից վերադարձել է հոկտեմբերի 6-ին: Մինչդեռ դրանից հետո Արցախում մարտերը շարունակվել են ավելի քան մեկ ամիս։ Հավաստի տեղեկություններով՝ Ռաֆայել Մխիթարյանը Տավուշի մարզում ակտիվ գործունեություն ծավալած «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ագրոնոմն է, նա է կատարում հիմնադրամի համար գնումները։ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից եւ ուղղված է Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Ռաֆայել Մաթեւոսյանը Էջմիածնի տարածաշրջանում ունի շուրջ 40 հեկտար առվույտի ցանքատարածություն, որը հնձելուց հետո առանց մրցույթի վաճառում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, Ֆրանսիաի Օ-դը- Սեն դեպարտամենտի ֆինանսավորմամբ ստեղծված «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձոր գյուղի անասնապահական ֆերմայի տարածքում 2016թ. հուլիսին հորել են 3,5 տոննա պանիր, որն, իբր, փչացած է եղել։ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի ստեղծած «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանը հայտարարել է, թե պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջությանը: Լուսաձորում արտադրված պանիրն Իջեւան քաղաքի ֆիրմային խանութում թանկ են վաճառում, ուստի գնորդները քիչ են: Լուսաձորում արտադրված պանիրը Ռուսաստանի շուկայում են վաճառում։ Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող վարորդները բողոքում են Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում գտնվող «ՀիմնաՏավուշի» անասնաֆերմայի եւ պանրի արտադրամասի տարածած գարշահոտից: Ու այս իրավիճակը արդեն մի քանի տարի է, ինչ առկա է։ Ձմռան ամիսներին միջպետական ճանապարհի այդ հատվածում տիրող տհաճ հոտն անցնողներին խեղդում է, իսկ ամռան շոգ ամիսներին վիճակն ուղղակի անտանելի է դառնում: Սուրեն Գեւորգյանը, լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ Լուսաձորում արտադրված պանիրը եւ այլ կաթնամթերքն իրացնող «ԷկոՏավուշի» տնօրենը: Դրանց գործունեության ստվերային կողմերի վերաբերյալ գրավոր հարցեր եմ ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին. վերջինս պատասխանում նշել է, թե հարցերը պետք է ուղղել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ