Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։




Լրահոս