Armlur.am-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ եւ հայտնում, որ տեւական ժամանակ է, ինչ նկատում են, որ մի խումբ երիտասարդներ «Տելեգրամ» հավելվածի միջոցով անկաշկանդ միմյանց թմրանյութ են վաճառում:
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները խնդրից տեղյակ են, եւ անգամ կան հարուցված քրեական գործեր ու քրեական գործով կոնկրետ մեղադրյալներ: Մասնավորապես, Ադամ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով թմրամիջոցների եւ հոգեմետ /հոգեներգործող/ նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի եւ ՀՀ կառավարության՝ 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու թույլտվություն, առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար 2020 թվականի հուլիսի 16-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով անհայտ անձից 14.509 ՀՀ դրամին համարժեք 30 ԱՄՆ դոլար գումարով ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափի` 0.07 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Սակայն 2020 թվականի հուլիսի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարվելուց հետո հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հայկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման պահանջները, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով ոմն Շաման անունով օգտատիրոջը 20.000 ՀՀ դրամ գումար փոխանցելով, նշված գումարի դիմաց իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել Երեւան քաղաքի, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոցի 179/2 հասցեի հարակից վայրում թաքցված խոշոր չափերի՝ 22.1 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որից 20.02 գրամ քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցը պահել է իր մոտ, ինչը հայտնաբերվել եւ վերցվել է 30.12.2020 թվականին նրան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկությամբ եւ ավտոմեքենան որպես դեպքի վայրի զննությամբ ընթացքում, իսկ 2.08 գրամ քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 25.01.2021թ. Հայկ Այվազյանի բնակության վայրի խուզարկությամբ:
Ավելին, Armlur.am-ը դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկում «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրանյութի ակնհայտ վաճառքի գործընթացը կանխելու համար, կոնկերտ քանի անձ է հայտնվել իրավապահների տեսադաշտում, եւ քանի մեղադրյալ կա այս պահին վերոնշյալ ճանապարհով թրմանյութ ձեռք բերելու գործով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ
2021 թվականի ապրիլի 20-ին պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Սռիակի Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթ: Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սեւակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Նարեկ Խաչատրյանն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան եւ ուսումը պետք է շարունակեր ծառայությունից հետո։
ԱՄՈՒՍԻՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:10-ին, «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տներից մեկից կրծքավանդակի եւ որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս ամուսինը: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին մարզի մի քանի համայնքներում՝ Մեղրիում, Ագարակում, Կապանում, բնակիչները դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան» «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով։ Ճանապարհը փակած բնակիչների պատճառով Փաշինյանը չի կարողացել Քաջարան մտնել։
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ապրիլի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժնի եւ Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Գետամեջ գյուղից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 54-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողն իր տնից ներկայացրեց առանձնապես խոշոր չափի՝ 1 կգ 870 գրամ կանեփի 5 թուփ եւ ստվարաթղթե երկու արկղ՝ 800 գրամից ավելի կանեփանման զանգվածով։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր տան հետնամասի հողատարածքից իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
ԳՈՂՈՆԸ ԱՌԳՐԱՎՎԵԼ Է
Ապրիլի 16-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 26-ի ժամը 14-ից ապրիլի 16-ին Գյումրիի մի արտադրամասից գողացել են հաստոցների էլեկտրական ութ շարժիչ, օդափոխման համակարգի յոթ էլեկտրական շարժիչ եւ մասեր: Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր 500 հազար դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն արտադրամասի երկու պահակների։ Ոստիկանությունում նրանցից մեկը խոստովանեց, որ մյուս պահակի հետ նշված գործարանից շարժիչները եւ մասերը պարբերաբար գողացել են իրենք: Գողոնը մասամբ առգրավվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: