ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում:
ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծել է, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր է գնահատել հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում: