ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ,Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքե-ի անդամ Սեդա Սաֆարյանի հետ, որը դաշինքի առաջին եռյակում է: Մեր զրուցակցի հետ խոսել ենք դաշինքի վարկանիշի, իրենց անելիքների ու քաղաքական ուժերի վարկանիշից:

-Որոշում կա, որ լինելու եք Բաբաջանյան-Շիրինյան դաշինքում: Ցուցակի եռյակում առաջին կինն եք. ինչո՞ւ նման որոշում կայացրիք:
-Երկրում ստեղծված իրավիճակից, երկրի իրավական համակարգում տեղ գտած լուրջ բացթողումներից, դրա փոփոխման անհրաժեշտությունից եւ այն ամենից, ինչը խանգարում է երկիրը դառնալ իրավական երկիր: Ես գտնում եմ, որ Հայաստանում ե՛ւ օրենսդրական, ե՛ւ դատաիրավական փոփոխություններն անհրաժեշտություն են, եւ դրանք պետք է նոր որակ հաղորդեն Հայաստանի դատական համակարգին: Այս բոլորն ինձ բերել են այն համոզմանը, որ երկիրն ունի հայկական հարաբերությունների կարգավորման լուրջ խնդիր: Սա որպես փաստաբան չեմ կարող անել, բայց, որպես օրենսդիր մարմին, իմ ընկերների հետ կարող եմ անել: Եվ Արման Բաբաջանյանի գործելաոճը ընդունում եմ. ինքը հարցեր բարձրացնող պատգամավոր է, հարցերի լուծումը տարբեր մասնագետներ պետք է անեն: Շիրինյանն էլ արժեհամակարգ պատկերացնող մարդ է, հավանում եմ իր մտածողությունը, առավել մտահոգություն ունի երկրում պետականությունը ուժեղացնելու հարցում: Այս առումներով ես իրենց հետ օտար չեմ զգում: Պետք է նման ճանապարհ գնաս հարազատ մարդկանց եւ նման մտածելակերպ ունեցող մարդկանց հետ:
-Տիկի՛ն Սաֆարյան, ի՞նչ դիրքորոշում ունի հանրությունը ձեր դաշինքի վերաբերյալ: Հարցումների կամ մարզային այցելությունների ժամանակ զգացե՞լ եք՝ ինչպես են վերաբերվում ձեր դաշինքին:
-Սա հանրության պահանջն է եղել, որովհետեւ որտեղ գնում ենք, անվերջ խոսակցություն է գնում, որ հաշտություն կնքենք միմյանց հետ, որպեսզի ձայները չփոշիանան: Ասում են՝ Ձեզ էլ ենք սիրում, Բաբաջանյանին էլ, Շիրինյանին, Նորիկյանին էլ են սիրում: Մենք կարողացանք այս կազմով միավորվել, եւ կարծում եմ, որ, եթե անգամ այլ անձինք չմիանան մեզ, մենք կարող ենք այդ ճանապարհն անցնել, որովհետեւ մենք ժողովրդի ուզածը արել ենք: Մեզնից կախված ամեն ինչն արվել է: Էլի մարդկանց ենք առաջարկել, որպեսզի միավորվեն: Լավ կլիներ, որ բոլորը կարողանայինք մեր մեջ կամք ու ուժ գտնել ու միավորվել, բայց եթե այս ձեւաչափով ենք միավորվել, ես գտնում եմ, որ սա էլ է բավարար, որպեսզի կարողանանք ճանապարհ անցնել:
-Այս ընթացքում կատարված հարցումների արդյունքում պարզվեց, որ հանրությունն ամեն ինչ անում է, որ նախկինները չվերադառնան: Ձեր դիրքորոշումն է հետաքրքիր. արդյոք կարծո՞ւմ եք, որ պետք է իշխանափոխություն տեղի ունենա:
-Ես կարծում եմ, որ ժողովուրդն ինչպես մտածում է, չեմ կարող ժողովրդի մտածողության վրա ճնշում գործադրել: Բայց ժողովուրդ ասելով՝ պետք է հասկանալ այն խմբին, որոնց համար այսօրվա իշխանությունները անկարող էին հարցեր լուծելու, եւ այդ չլուծված հարցերը կուտակվել են հասարակության մեջ: Կա նաեւ դժգոհ մասը, որը գտնում է, որ այսօր միայն Փաշինյանի իշխանությունը բավարար չէ, որ Հայաստանը կարող է առաջընթաց ունենալ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ԱՐՏԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՓՈՒՉ ԽՈՍՏՈՒՄԸ
,Երրորդ ուժե քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ՝ մարտի 11-ին, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հեռացման համար 44-օրյա պայքար սկսելու մասին: Արտակ Թովմասյանի այս հայտարարությունից անցել է երկու ամիս, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել եւ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով կրկին գալ իշխանության:

Այսպիսով, ստացվում է՝ Արտակ Թովմասյանը չկարողացավ կատարել իր խոստումը: ArmLur.am-ը դիմել է Թովմասյանի գրասենյակ՝ պարզելու համար, թե ինչու նա այդպես էլ չկարողացավ կատարել հանրությանը տված իր առաջին խոստումը, եւ ինչ է պատրաստվում անել: Պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.
,,Երրորդ ուժե քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի կողմից հայտարարված 44-օրյա պայքարը հասել է իր առջեւ դրված արդյունքին։
Փետրվարի 7-ին ,Իմ քայլըե հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։ Մարտի 11-ին՝ ,Երրորդ ուժե քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հրաժարականի համար 44-օրյա պայքար սկսելու մասին։
Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ապրիլի 25-ին Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, որը համապատասխանում էր ,Երրորդ ուժե քաղաքացիական նախաձեռնության սահմանած ժամկետի ավարտին։ Մայիսի 5-ին Արտակ Թովմասյանը ուղերձով դիմեց ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով, որ եթե գնան նախընտրական պրոցեսների, կունենանք նոր կորուստներ, եւ երկիրը ցնցումների չտանելու համար պատգամավորները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ ունեին։ Մայիսի 11-ին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի տարածքի մի շարք հատվածներ։
Ավելի վաղ Արտակ Թովմասյանն իր հարցազրույցներում եւ տեսաուղերձներում քանիցս առաջ էր քաշել ճգնաժամային կառավարիչների ժամանակավոր կառավարության ձեւավորման հարցը, որը 6-12 ամսվա ընթացքում փոփոխություններ կաներ գործող Սահմանադրության եւ ԸՕ-ի մեջ, եւ դրանից հետո միայն ճիշտ կլիներ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ ցնցումներից խուսափելու համար։ Ի դեպ, օրեր առաջ նման առաջարկ արեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ, թեեւ արդեն իրավական մեխանիզմներ չկան։
Մայիսի 24-ին` ժամը 18։30-ին, Արտակ Թովմասյանը հրավիրում է բոլորին ,Դվինե համալիր՝ միասին քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները եւ մասնակցելու համազգային աղոթքի արարողությանըե։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՊԱՏԱՀԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այս տարվա երեք ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է 1028 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 91, վիրավորվել՝ 1547 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 910, զոհերի թիվը՝ 69, իսկ վիրավորվել են 1349-ը: Պաշտոնապես այս տարվա երեք ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 13 տոկոսով: Բացի այս, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարվա մարտին ավելացել է՝ նաեւ փետրվար ամսվա համեմատ. 2020 թվականի մարտին մեր հանրապետությունում արձանագրվել է 376 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 35, վիրավորվել՝ 569 մարդ: Իսկ, ահա, փեըտրվար ամսին ՃՏՊ-ների քանակը կազմել է 297, որի հետեւաքնով զոհվել է 19, վիրավորվել՝ 415 մարդ: Սա, ըստ մասնագետների, մի շրջանակի՝ ավտոպարկի ընդլայնումն է: Վերջին տարիներին Հայաստանում զգալի ավելացել է ավտոմեքենաների քանակը, ինչն արդեն իսկ լուրջ պատճառ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակական ավելացման: Մյուս կողմից՝ տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:

 

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին, նշել է. Իրավիճակը փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրումով, որ բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգիե: Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարի կողմից հրապարակված այս թիվը տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետեւ, մայիսի 12-ից սկսած, տարբեր թվերի մասին էին տեղեկություններ շրջանառվում: Մայիսի 12-ից հետո նշվում էր, թե Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը մոտ 250 է, ապա Պաշտպանության նախարարությունն էլ հայտնեց, թե մոտ 200 ադրբեջանցի զինվորականներ հետ են գնացել իրենց դիրքեր, եւ Հայաստանի սահմաններին մնացել են 50-ը:
Հիմա էլ պարզվում է, որ այս պահին Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում 500-600 ադրբեջանցի զինվորներ կան: Իսկ ամենաուշագրավն այն է, որ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բոլորովին այլ թվի մասին է խոսել: ,20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին: Ե՞րբ ենք մենք խոսքի դիվանագիտությունից անցնելու գործի դիվանագիտությանըե,- հարցադրում է արել Լարշեն:

 




Լրահոս