Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկն ավարտվել եւ հայտնի են արդյունքները: Խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը:
Սակայն 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 197 հազար քվե պակաս է ստացել:
Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 595 հազար 334 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 282 հազար 411-ը կամ 49,4 տոկոսը: Եվ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 687 հազար 414 մարդ։
Իսկ ահա 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 593 հազար 140 մարդ էր, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 261 հազար 105 քաղաքացի, իսկ «Իմ քայլը» դաշինքին կողմ էր քվեարկել 884 հազար 864 քաղաքացի։ Սա նշանակում է, որ 2018-ից 3 տարի հետո Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկել 197 հազար 450-ով ավելի պակաս քաղաքացի։
Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ ահա խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն: Այսպիսով, բոլոր ուժերի քվեեները պակասել են:
Մանրամասները՝ տեսանյութում