ArmLur.am-ը զրուցել է ԼՂՀ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի հետ: Մենք փորձել ենք Հայրապետյանից պարզել, թե ինչ իրավիճակ է այս պահին Արցախում, արդյոք շարունակվում են Արցախի նախագահի դեմ իրականացվող բողոքի ակցիաները: Պատգամավորը հայտարարեց, որ իրենք խաղաղության կոչով են հանդես եկել, ու այս պահին որեւէ ցույց չկա, հանդարտ իրավիճակ է:
-Օրեր առաջ հանրությունը պահանջում էր նախագահ Արային Հարությունյանի հրաժարականը: Հիմա չե՞ն պահանջում, չկա՞ պահանջ: Իրավիճակը փոխվե՞լ է:
-Ազգային Ժողովի խմբակցությունը հանդես է եկել համերաշխության կոչով: ԱԺ-ի կայքում տեղադրված է հայտարարությունը:
-Բայդ Դուք հանրության հետ քննարկե՞լ եք, թե ինչն է պատճառը: Ինչո՞ւ այդպես միանգամից դուրս եկան փողոց ու սկսեցին պահանջել նախագահի հրաժարականը:
-Մենք ժողովրդի բոլոր կողմերի հետ էլ հանդիպումներ ունեցել ենք ե՛ւ այդ ակցիայի ժամանակ, ե՛ւ դրանից առաջ ու հետո, հանրապետության նախագահը հանդիպել է երիտասարդության պալատում, բարձրացված հարցերին պատասխաններ է տվել, դրանից հետո այդ փողոցային ակցիաները դադարել են: Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացած են մեր հանրապետության առաջ:
-Պարո՛ն Հայրապետյան, հանրությունը հենց նախագահի՞ց է դժգոհ, իր վարած քաղաքականությունի՞ց էր բողոքում: Կոնկրետ ի՞նչ խնդիր էր:
-Այն է պատճառը, որ ամեն ինչ հստակ չէ: Կան չլուծված հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, դա միանշանակ է: Արդեն հարցը կազմակերպիչների եւ այնտեղ հավաքված ժողովրդի խոսակցության, ելույթների մեջ սկզբունքային տարբերություններ են եղել: Ընդհանրապես նույն հարթակից ելույթ ունեցողների մի մասն ագրեսիվ կոչեր է արել, մի մասը խաղաղ հանգուցալուծում է առաջարկել: Այնտեղ ինչ-որ անհամաձայնություն է եղել: Իմիջիայլոց, նաեւ հարց է բարձրացվել, թե որտեղից է գալիս այդ ակցիայի կազմակերպման սկիզբը, այսինքն՝ որտեղ է թաղված շան գլուխը:
-Այսինքն՝ այդպես էլ չհաջողվե՞ց պարզել, թե ով էր կազմակերպիչը, ինչու էին ժողովրդին փողոց դուրս հանել, ինչն է խնդիրը: Մինչ հիմա որեւէ բան չե՞ք կարողացել պարզել:
-Մենք ամեն ինչ պարզել ենք: Եթե ակցիայի մասնակիցներից մեկը կոնկրետ հայտարարություններ է արել, որոնք ճիշտ գործունեություն չէին ծավալել, կարելի է եզրակացնել, թե ակցիայի կազմակերպումը որտեղից է գալիս: Մեր հասարակությունը հասկացել, ընդունել է ամեն ինչ, եւ հիմա ամենը գնալու է փոխադարձ համաձայնության շրջանակներում:
-Պարո՛ն Հայրապետյան, հիմա Արցախում բողոքի ակցիա չի՞ ընթանում: Արտառոց որեւէ իրավիճակ չկա՞, ամեն ինչ նորմա՞լ է:
-Եթե բողոքի ակցիա չի ընթանում, դա չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է: Արդեն սեպտեմբերի 27-ից ամեն ինչ նորմալ չէ, նաեւ դրա պատճառները կարելի է ավելի խորը ուսումնասիրել:
-Նկատի ունեմ՝ փողոցում չկա՞ն անհամաձայնություններ:
-Այո, հանրությունը հիմա փողոցում չէ՝ գիտակցելով Արցախում ծառացած վտանգներն ու խնդիրները: Հիմա փորձում ենք կազմակերպել փոխադարձ համաձայնության ու կայունության մթնոլորտ, քանի որ մեր ցանկացած ընդվզում, ներքին խռովություն կնաշանակի թշնամու ջրաղացին ջուր լցնել: Մենք պետք է լծվենք բանակաշինության, տնտեսության, կառավարության ձեւավորման, մեր հասարակության համախմբման գործին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԶԻՆՎՈՐԻՆ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ
Անցել է գրեթե մեկուկես ամիս, սակայն իրավապահները դեռեւս փնտրում են մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքած ժամկետային զինծառայող Նարեկ Մկրտչյանին: Ի դեպ, իրավապահ համակարգում քննվում է այն վարկածը, որ չի բացառվում՝ զինվորը լքած լինի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ զինվորը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է, իսկ Կողբը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Իրավապահները վարկած ունեն, որ Կողբի բնակիչները բավականին սահմանին ծանոթ են, ու միգուցե զինվորը այդպես լքած լինի երկիրը: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Վերջինս Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է։ Ավելին, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնել էր, որ զինվորը վերջին անգամ ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, եւ այլեւս նրանից տեղեկություններ չեն ունեցել:
ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 14 շենքի բնակիչները դիմել են ArmLur.am-ին եւ տրամադրել են տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչ վիճակում է շենքի աղբանոցը։ Այն օրերով չի մաքրվել, գարշահոտությունը տարածվել է հարակից տարածքում, իսկ շենքի մուտքում ազատորեն պտտվող գեր առնետների մասին պարզապես լռում ենք։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նման անմխիթար վիճակում են գտնվում հարեւան շենքերը։ Եվ այս ֆոնին զուգահեռ զարմանալի է, թե ինչպես է Հայկ Մարությանը շարունակում պաշտոնավարել։ Այլ քաղաքակիրթ երկրներում այս փնթի վիճակի եւ անգործության համար թիվ մեկ պատասխանատուին կազատեին պաշտոնից։ Բայց, արի ու տես, իր այս ձախողված աշխատանքից հետո Երեւանի քաղաքապետը դեռ շարունակում է պաշտոնավարել։ Հետաքրքիր է՝ Հայկ Մարությանը կապրեր այս պայմաններում, թե ոչ, եւ որքան կդիմանար։
ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունները ամեն գնով պատրաստվում են ազատվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից:
Ըստ մեր տեղեկությունների` Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թիմակիցների մոտ հայտարարել է, որ այն անձինք, որոնք ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց չեն աջակցել կամ, առհասարակ, իրենց հակադարձել են, իրենք պետք է սկսեն նրանց նկատմամբ կիրառել «պողպատե մանդատը»:
Փաշինյանի թիմը այդ մանդատն առաջինը օգտագործելու է Հայկ Մարությանի դեմ ու ամեն ինչ անում է, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի ու հեռանա: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է մեխանիզմներ գտնել, մինչեւ անգամ Երեւանի ավագանու միջոցով Մարությանին անվստահություն հայտնել. եթե այն չստացվի, ապա կանցնեն իրավական պրոցեսների:
Մեր տեղեկություններով՝ այժմ աշխատում են այդ պրոցեսին հասնել Երեւանի ավագանու՝ անվստահություն հայտնելու միջոցով: Այս պահին էլ խմորումներ են ընթանում, իսկ Մարությանն էլ անդրդվելի է, վերջինս էլ որոշել է ատամներով պահել իր աթոռը: Երեւանի քաղաքապետը իր շրջապատում հայտարարել է, որ ինքը չի զիջելու, քանի որ երեւանցիներն են իրեն ընտրել, ու Փաշինյանը չպետք է որոշի, թե երբ ինքը պետք է հեռանա: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին քաղաքապետի երկու թեկնածու ունի իր թիմում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը պատրաստվում է ամեն գնով հասնել քաղաքապետի պաշտոնին: