Բյուրականի հոգևոր սպասավոր տեր Վրթանես քահանա Բաղալյանը նախ շնորհակալություն է հայտնում արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին, որ նախարարության որևէ ներկայացուցիչ վերջապես խոսեց Արցախի օկուպացված տարածքներում մնացած հարյուրավոր եկեղեցիներից գոնե մեկում հոգևոր դասի անարգել մուտքի մասին, ապա ընդգծում՝ բացի հոգևոր դասը՝ հավատավոր ժողովուրդը նույնպես անարգել պետք է կարողանա այցելել ոչ միյան Շուշիի Սուրբ Ղազանչեցոց, այլ նաև մեր մյուս բոլոր սրբավայրերը, որոնք ռազմական ագրեսիայի հետևանքով հայտնվել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։
Նշենք, որ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ «Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի»:
«Եվ ընդհանրապես, ԼՂԻՄ հայաբնակ բոլոր տարածքները, որ ադրբեջանական բանակը հայաթափել է, պետք է վերադարձվեն փախստականի կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցներին»,- շեշտում է նա։
ArmLur.am-ի հարցին, թե պաշտոնյաներն ու երկրի ղեկավարությունը, ըստ հոգևորականի, հոգևոր բնույթի հարցերը բավարար չափով առաջ տանո՞ւմ են միջազգային հարթակներում, Տեր Հայրն արձագանքում է․ «Իրենց պարտականությունները պատշաճ չանող ղեկավարներին չեն ուզում անդրադառնալ, բայց բարձր եմ գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից կատարվող հսկայածավալ աշխատանքը»։
Դիտարկմանը, թե Դադիվանք այցելելու ու այնտեղ հայ հոգևորականներ ունենալու հարցը կաթողիոկսի անմիջական միջնորդությամբ է լուծվել, մեր զրուցակիցն արձագանքում է․ «Փա՜ռք Աստծո, որ վեհափառ հայրապետի անմիջական միջնորդությամբ Դադիվանք ժամանակ առ ժամանակ կարողանում ենք այցելել։
Ի դեպ՝ այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների միջազգային 35-րդ համաժողովում բարձր մակարդակով բարձրացնում է հայ ռազմագերիների, սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանման և վերադարձի հարցերը»։
Սևակ Վարդումյան