«ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼԸ ՄԻԱՅՆ ՔԻՉ Է». ԱՆՈՒՇԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հյուրն էր սիրված դերասանուհի եւ հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը։ Դերասանուհու հետ զրուցել ենք ամուսնալուծության, դստեր եւ հոր հարաբերությունների, ինչպես նաեւ նրա երկրպագուների մասին:

 

-Անուշի՛կ, տպավորություն է, որ Դուք տեսակով շատ ուժեղ, ամուր կին եք: Չե՞ք հոգնել անվերջ ուժեղ լինելուց:

-Հաշվի առնելով, որ 18 տարի լինելով հեռուստատեսությունում եւ բեմում՝ հեռուստադիտողն այդ կարծիքն է ձեւավորել, ուրեմն ես նույնպես պետք է  ընդունեմ այդ փաստը: Ես շատ կուզենայի, որ կինը, հատկապես՝ հայ կինը, երբեւէ  առիթ չունենար լինելու շատ ուժեղ, շատ ամուր, որովհետեւ դա տղամարդու գործն է, բայց, ավա՜ղ, մեր իրականության մեջ մարդը, հատկապես՝ կինը, ցավոք, դարձավ շատ ուժեղ: Ես ընդունում եմ, որ կինը տիեզերքից տրված ուժ ունի, բայց լինել շատ ավելի ամուր, ինչպես Դուք նշեցիք, կուզենայի այդպես չլիներ, բայց, ցավոք, այս իրականության մեջ այլ կերպ հնարավոր չէր: Ես կարծում եմ, որ որեւէ մեկն իր լավ կյանքը քեզ չի տալու եւ քո փոխարեն քո խնդիրները չի լուծելու: Ես որդեգրել եմ մի սկզբունք, որ տիեզերքից եւ աշխարհից ոչինչ չունես պահանջելու, եթե ինչ-որ բան ուզում ես տալ, ինքդ պետք է դրա համար աշխատես: Հոգնում եմ, իհարկե շատ… Կինը պետք է լինի ծաղկի նման քնքուշ, որին պետք է մշտապես ուշադրության եւ խնամքով շրջապատես: Երբ մենք ուժեղանում ենք, մեր դիրքերը սկսում են հավասարվել տղամարդուն, ինչին նաեւ համաձայն չէ տղամարդը, բայց ստիպված է ընդունել: Ինձ մշտապես ուժ է տալիս աղջիկս: Երբ նայում եմ իր լուսավոր եւ արեւոտ դեմքին, հասկանում եմ, որ լավ է, որ ես ուժեղ եմ. նա տեսնում է, թե ինչ է նշանակում լինել ուժեղ անհատականութուն: Այս կյանքում ուժեղ լինելը միայն քիչ է, եթե չկա գրագիտություն:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք. «Դուստրս երբեք չի զգացել հոր բացակայությունն իր կյանքում»: Ինչպե՞ս եք կարողացել լրացնել այդ բացը:

-Այդ հարցում ինձ մեծապես օգնել են իմ ընտանիքն ու եղբայրը: Նա, բացի քեռի լինելուց, տղամարդու մի կերպար է, որ անընդհատ մեր շուրջ է եղել, մինչեւ այսօր: Աղջիկս կարողացել է այդ բացը հաղթահարել, որովհետեւ մենք միշտ իր կողքին ենք, եւ մի օր էլ ինձ ասաց, թե կա մի հարց արդյոք, որ ես չկարողանամ լուծել: Նա այն մայրը չի տեսել, որ տանը միայն ճաշ է եփում, եւ համեմատելով իր մեջ՝ հասկանա, որ, դե, պապան էլ պետք է գումար աշխատի: Նա տեսել է մայր, ով կարողանում է հոգալ նրա բոլոր կարիքները, եւ մայր, ով  կարեւորում է գրագիտությունն ու կրթությունը:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի նստավայրում ելույթ ունեցավ Գերմանիայում բնակվող դաշնակահարուհի Դիանա Սահակյանը:

 

Սահակյանը երեկոյին կատարեց Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ մեծ բավականություն պատճառելով ներկաներին:

Մինչ համերգի մեկնարկը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով Կոմիտասի մասին, շեշտեց՝ երբ ասում է Կոմիտաս, մտածում է մեր ազգային ինքնության մասին: «Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում, եւ դրա հիմքում մեր ինքնությունն է, մեր պատմությունն ու ով լինելն են: Ըստ իս՝ ամենամեծ ժառանգությունը, որ թողել ենք աշխարհին, հայ ճարտարապետությունն է, սակայն դժվար է գտնել մեկ հեղինակի, արվեստաբանի, որը կարողանար ամբողջացնել հայ ճարտարապետության պատմությունը: Մեծ անուններ կան՝ Թորոս Թորամանյանից մինչեւ Վարազդատ Հարությունյան, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ անել այն, ինչ արեց Կոմիտասը հայ երաժշտարվեստում»,- ընդգծեց Արմեն Սարգսյանն ու հավելեց, որ նույնը կարող ենք ասել նաեւ գեղանկարչության մասին:

ՀՀ նախագահի հավաստիացմամբ՝ հայ երաժշտարվեստում բազմաթիվ փայլուն երաժիշտներ, կատարողներ, երգահաններ են եղել եւ կան: «Լավագույններից է Տիգրան Մանսուրյանը, որը մեզ հետ է, բայց, երբ խոսում ենք մեր հայ երաժշտության ակունքների ու հիմքերի, ինքնության մասին, հիշում ենք Կոմիտաս Վարդապետին, որն արեց այն, ինչը ոչ մեկ չկարողացավ անել ճարտարապետության ու գեղանկարչության դեպքում: Կոմիտասը կարողացավ հանճարեղ պարզությամբ փոխադրել մեր ինքնությունը»,- շեշտել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ Կոմիտասն ադամանդ է մեր երաժշտության մեջ իր պարզությամբ, թափանցիկությամբ ու հանճարեղությամբ:

Կոմպոզիտոր  Տիգրան Մանսուրյանը, որը ներկա էր երեկոյին, կարեւորել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կատարած աշխատանքը Կոմիտասի թե՛ կենսագրական տվյալների, թե՛ հրատարակությունների, թե՛ կատարողական արվեստի հանրահռչակման առումով: Նրա խոսքով՝ Կոմիտասի դաշնամուրային գործերը մեր դաշնամուրային գրականության զարդն են: «Այն փոքրիկ ժողովածու է, որը շատ նշանակալի է ու ամբողջ համաշխարհային դաշնամուրային գրականության մեջ առանձնանում է արտակարգ նրբահյուսությամբ»,- ասել է մաեստրոն՝ վստահեցնելով, որ Դիանա Սահակյանն ըստ արժանվույն կկատարի Կոմիտասի դաշնամուրային պարերը:

 

ՄՐՑԱՎԱՐ Է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական խումբը: Գլխավոր մրցավար է նշանակվել ՖԻՖԱ-ի մրցավար, 39-ամյա Նիկոլա Դաբանովիչը։ Նրա օգնականները կլինեն Միլովան Ջուկիչն ու Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը։ VAR-ը կսպասարկեն հոլանդացիներ Կեւին Բլոմն ու Կլայ Ռուպերտին։ J խմբի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

 

ԱՍՈՒԼԻՍԸ՝ ԱՅՍՕՐ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմասնակցի թիմի նորեկ, ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը. հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին եւ կսկսվի տեղական ժամանակով 17:30-ին (Երեւանի ժամանակով՝ 21:30), կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում եւ Youtube-ի ալիքով: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրի  հանդիպումը Իսլանդիայի հավաքականի դեմ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

 

ԿԱԶԵՄԻՐՈՆ ՉԻ ՕԳՆԻ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն չի օգնի Բրազիլիայի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում. հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը։ «Մենք ստացել ենք բուժզննման արդյունքները։ Բորբոքվել է Կազեմիրոյի իմաստության ատամը։ Առաջիկա 5 օրերին նրան հակացուցված է ֆիզիկական ծանրաբեռնվածություն»,- հայտնել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը։ Բրազիլիայի հավաքականը հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Վենեսուելային, հոկտեմբերի 11-ին՝ Կոլումբիային, իսկ հոկտեմբերին 15-ին կընդունի Ուրուգվայի հավաքականին։ Բրազիլիան հարավամերիկյան գոտու առաջատարն է. 8 խաղում տարել է նույնքան հաղթանակ։

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի 26-ամյա հարձակողական կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգ համաձայն է հաջորդ տարի տեղափոխվել «Բարսելոնա»: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ստերլինգը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ։ Նա երկու անգամ է հայտնվել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ Մշտական խաղաժամանակի բացակայության պատճառով Ստերլինգը պատրաստ է արդեն ձմռանը հեռանալ մանչեսթերյան ակումբից։ Ստերլինգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70-90 միլիոն եվրո։

 




Լրահոս