Արցախի ոստիկանությունում կազմավորվող զորքը կմասնակցի ԼՂՀ պաշտպանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը հայտնել է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով:

Արցախի Հանրապետության ոստիկանությունում նախատեսվում է կազմավորել ոստիկանության զորքեր, որոնք կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Արցախի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտները, կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը։

Ինչպես հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, «Ոստիկանության զորքերի», «Ոստիկանությունում ծառայության», «Պաշտպանության մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագերի փաթեթն այսօր քննարկվել ու արժանացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Այն առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքում ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը հայտնել է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով:

Ի դեպ, նախագիծն արդեն արժանացել է ադրբեջանական կողմի բուռն արձագանքին։ Որոշ սոցիալական կայքերում Ալիևից պահանջում են անգամ զորք մտցնել ԼՂ` ի պատասխան հայկական կողմի, իրենց բնորոշմամբ, «անջատողական քայլերի»։




Լրահոս