ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանով հաստատվել են կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և վերջիններիս ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերը, որոնք նպատակ ունեն առավել կատարելագործել տվյալ ուղղություններում նախատեսվող աշխատանքների տրամաբանությունը՝ հիմքում ունենալով վերջիններիս արդյունավետության բարձրացման և հրապարակայնության ու թափանցիկության ապահովման գերակայությունները:
Հավելենք, որ ՔԿ նախագահի հիշյալ հրամանով մինչ այդ տվյալ ոլորտը կանոնակարգող երեք առանձին իրավական ակտերը ներառվել են մեկ իրավական ակտում, որոշ դրույթներ լրացվել և փոփոխվել են՝ նպատակ ունենալով առավել համակարգված դարձնել վերը թվարկված գործընթացի կազմակերպման բոլոր հատվածները և կառույցում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հետ տարվող աշխատանքներում ապահովել մեկ միասնական քաղաքականություն:
Ըստ արդեն իսկ հաստատված փաստաթղթի՝ կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների, ատեստավորման, ինչպես նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի ձևավորման գործընթացն այսուհետ ենթակա է պարտադիր ձայնագրման կամ տեսաձայնագրման, ինչն էապես նպաստելու է դրանց օբյեկտիվության, անկողմնակալության բարձրացմանը, գործընթացի կազմակերպման թափանցիկությանը:
Նոր իրավակարգավորումներով Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր և բանավոր քննության արդյունքները հրապարակվելու են Կոմիտեի պաշտոնական կայքում:
Կոմիտեում համապատասխան գործընթացի կազմակերպման պատասխանատուները տեղեկացնում են, որ եթե ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման հարցաշարը նախկինում ընդգրկում էր ՀՀ քրեական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության իրավունքի և կրիմինալիստիկայի ոլորտները, ապա ներկայումս դրանց ավելացել են նաև քրեաիրավական և քրեադատավարական ոլորտի՝ Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումները: Բացի այդ, նախկինում Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց համար հարցաշարը մեկն էր՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Ներկա իրավակարգավորումներով ատեստավորման հարցաշարերը դասակարգվել են 3 խմբի՝ Կոմիտեի վարչությունների պետերի և նրանց տեղակալների, բաժինների պետերի ատեստավորման, բաժինների պետերի տեղակալների, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների և հատկապես կարևոր գործերով քննիչների ատեստավորման, ինչպես նաև՝ քննիչների և ավագ քննիչների ատեստավորման հարցաշարերի:
Նշված հարցաշարերում քրեաիրավական և քրեադատավարական ոլորտի Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ հարցադրումները, համապատասխանաբար, 1-ին դեպքում կազմված են 50 հարցից, 2-րդ դեպքում՝ 35, իսկ 3-րդ դեպքում՝ 25 հարցից: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև նշված հարցաշարերում ներառված Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների համամասնության հարցում:
Կոմիտեի նախագահի նշյալ հրամանում, նոր կարգավորումներ են տրվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ատեստավորման արդյունքներով լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու հետ կապված և դրան հաջորդող գործընթացներին: Գործող իրավակարգավորումների համաձայն Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գիտելիքները, լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից ենթակա են ստուգման, իսկ դրանից մեկ տարի հետո վերջինս ենթակա է արտահերթ ատեստավորման, բացառությամբ, եթե Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստուգումն անցնելու օրվանից մեկ տարվա ընթացքում ենթակա է հերթական ատեստավորման:
Հավելենք, որ սկզբունքային փոփոխություն է կատարվել Կոմիտեում ծառայողական առաջխաղացման գործընթացի կազմակերպման ասպարեզում և այսուհետ համանուն աշխատանքներն ամբողջապես կազմակերպվելու են ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակի ձևավորման նոր կարգի համաձայն: Նախատեսված իրավակարգավորումների համաձայն, որպես նորարարություն, Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է արտահերթ կարգով առաջխաղացման ցուցակում ընդգրկվել նաև ՔԿ ղեկավարությանն անձամբ այդ մասին դիմում ներկայացնելու եղանակով և դրանում նշելով այն պաշտոնը, որին հավակնում է:
Քննչական կոմիտեի պատասխանատուների հավաստմամբ հիշյալ հրամանի պահանջների համակողմանի կատարումը լինելու է կառույցի՝ հաջորդ տարվա գործունեության առանցքային ուղղություններից մեկը և անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվելու՝ համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման, որակավորման, ատեստավորման և ծառայողական առաջխաղացման գործընթացները նորովի արդյունավետությամբ կազմակերպելու նկատառումներով: