Բնակարանամուտ՝ Ամանորին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից տեղահանված Ավանեսյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել Արարատի մարզում: Պատերազմի ու փորձությունների միջով անցած Ավանեսյանների համար խորհրդանշական է դարձել հատկապես Ամանորին ընդառաջ՝ տանտիրոջ կարգավիճակով ցանկալի հյուրեր ընդունելը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության հերթական արդյունքը հաշվետվություն է կազմակերպությունների, և կարևոր աջակցություն՝ ընտանիքների համար: Ծանր հիշողություններից ազատվել ձգտող Ավանեսյանները հույսի ու նոր երազանքների հանգրվան են գտել Հայանիստ գյուղում:

Թեև իրենց բաժին հասած կյանքը հեշտերից չի եղել, սակայն երիտասարդ տանտերը՝ Արթուրն անընդունելի է համարում կամքի թուլությունը: Նա հիշում է, որ 1995 թվականին, ինքն ընդամենը յոթ տարեկան է եղել, երբ իր ծնողները տեղափոխվել են Արցախ՝ ապրելու: Այնտեղ հասակ է առել, տուն-տեղ, ընտանիք ստեղծել: Արթուրի ընտանիքը պատերազմի պատճառով կորցրել է ամեն ինչ ու վերադարձել: Երիտասարդ ընտանիքի ողջ կարողությունը բավարարել է միայն կիսակառույց շինություն ձեռք բերելուն, որի շինարարությունն ավարտելու համար էլ գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» օգնության ձեռք են մեկնել:

«Անասելի դժվար է կորուստը: Սակայն հիասթափվելու և հուսահատվելու իրավունք չունենք: Մեր երեխաները մեզ կոտրված պիտի չտեսնեն: Մենք հավանաբար, ինչ-որ անբացատրելի կամք և ուժ ունենք. կրկին արարելու, ստեղծելու ու նոր արմատներն ավելի խորը ձգելու համառություն: Հատկապես, երբ դժվար պահին քեզ օգնության ձեռք են մեկնում, հասկանում ես, որ մենակ չես, ու ամեն բան դեռ առջևում է: Շնորհակալ եմ, այդ զգացողությունը մեզ պարգևելու համար», -ասել է Արթուրը:

«Վերջին տարիների իրադարձությունները՝ COVID-ը, պատերազմը, մեզ ստիպեցին լինել ավելի ճկուն և պատրաստ լինել այնպիսի լուծումների, որոնք հատուկ են ճգնաժամային իրավիճակներին: Մենք մեր գործընկերների հետ, ընթացիկ տարում հնարավորինս աջակցեցինք նաև պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնաց մեր ուշադրության կենտրոնում: Փոխվեցին աշխատանքի մեթոդները, սակայն սկզբունքը նույնը մնաց. բոլոր մարզերում շինարարական աշխատանքները շարունակվեցին: Ուզում եմ հավատալ, բոլոր ընտանիքներն այս ընթացքում հավատ են ձեռք բերել և ամրացվող ամեն քարի ու կատարվող աշխատանքի հետ, ամրացրել են նաև իրենց հույսը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր ժամանակներ բաժին ընկան բոլորիս ու հատկապես այս ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց կյանքի ընթացքում ստեղծածը: Ամենաքիչը, որը կարող ենք անել այս ընտանիքների համար՝ դժվար պահին նրանց կողքին լինելն է, գործով սատարելը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրով, միայն Արարատի մարզում, այս տարի աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարների շրջայցերն այս մարզում դեռ շարունակվելու են:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում, 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք:




Լրահոս