2020 թվականից ի վեր ավելի քան 7 միլիոն օտարերկրյա քաղաքացիներ թույլատրական փաստաթղթեր են ստացել Ռուսաստանի տարածքում օրինականորեն աշխատելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ՌԴ ՆԳ նախարարության մամուլի կենտրոնում:
«2020 թվականի մարտից ավելի քան 7 միլիոն օտարերկրացիներ ստացել են թույլատրական փաստաթղթեր, այդ թվում՝ մեկուկես միլիոն քաղաքացիներ կարողացել են կարգավորել Ռուսաստանում իրենց ապրելու օրինականությունը»,-լրագրողներին ասել են ոստիկանությունում:
Դրա հետ մեկտեղ ՆԳՆ-ում հաղորդել են, որ իրենց տնօրինության տակ տեղեկատվություն ունեն «զգալի թվաքանակով օտարերկրյա քաղաքացիների մասին», որոնք ՌԴ-ում գտնվում են անօրինականորեն: Գերատեսչությունում հիշեցրել են, որ 2022 թվականի հունվարի 1-ից անօրինական աշխատանքի համար ՌԴ-ում կկարողանան ոչ միայն տուգանել (մինչեւ հինգ հազար ռուբլի), այլեւ արտաքսել ՌԴ-ից՝ արգելելով հետադարձ մուտքը:
Գործատուներն օտարերկրացիներին անօրինականորեն աշխատանքային գործունեության մեջ ներքաշելու պատճառով կարող են «յուրաքանչյուր նման աշխատողի համար» տուգանվել մինչեւ 800 հազար ռուբլի գումարով, պարզաբանել են մամուլի կենտրոնում:
Այդ կապակցությամբ ՆԳՆ-ում օտարերկրացիներին եւ գործատուներին հանձնարարել են մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դիմել ներքին գործերի մարմիններին՝ ՌԴ-ում միգրանտների իրավական վիճակը կարգավորելու համար:
Այսպես, Ադրբեջանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք չունեն Ռուսաստանում աշխատելու փաստաթղթեր, իրավունք ունեն դիմել արտոնագիր ստանալու համար՝ առանց հաշվի առնելու ՌԴ մուտք գործելու փաստաթղթերի հանձնման ժամկետի եւ հայտարարված նպատակի վերաբերյալ պահանջները: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են կնքել աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագրեր՝ անկախ Ռուսաստան մուտք գործելու նպատակից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: