ՊԵԿ աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողներից տարբեր չափերով, ընդհանուր` ավելի քան 1.700.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է Հակաոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանը Երևան քաղաքի տարբեր վայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ իրականացրած ստուգումների ընթացքում հարկային օրենսդրության ոլորտում հնարավոր խախտումները չարձանագրելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չիրականացնելու, ինչպես նաև թույլ տրված խախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դիմաց հիշյալ տնտեսվարողներից ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդի միջոցով 2021 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 100.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Գագիկ Հակոբյանը մեկ այլ ընկերությունում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ` նախնական համաձայնության գալով իր անմիջական ղեկավարի` ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Կարապետյանի և գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի հետ, հնարավոր խախտումները և բացթողումները չարձանագրելու համար հիշյալ ընկերության հիմնադրից պահանջել և 2021թ. հոկտեմբերին նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Տնտեսվարողներից տարբեր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Գագիկ Կարապետյանին և Արամ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Կաշառքի միջնորդության համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊԵԿ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար 5 անձի մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի տարբեր մասերով: Կաշառք ստացած ՊԵԿ աշխատակիցների, ինչպես նաև նրանց կաշառք տված ու կաշառքի միջնորդություն կատարած 6 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:




Լրահոս