Երեկ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Ապրիլի 4-ին ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա.-ի հարազատները եւ հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից եւ տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է, ինչ-որ բան պատահած լինի։ Նույն պահին, մարզի ոստիկանապետ Ա? Մկրտչյանի կարգադրությամբ, ստեղծվում են 3-4 հետախուզական խմբեր, որոնցում ներգրավվում են Գեղարքունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները։
Ավելի ուշ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Կամո Ա.-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։ Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են Հակոբ Ա.-ին, որը հրավիրվում է ոստիկանության Մարտունու բաժին։
Երբ կասկածյալ Հակոբ Ա.-ն արդեն ոստիկանությունում էր, իսկ նրա կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենան՝ ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածքում, ոստիկանները, արդեն 100 տոկոսով համոզված լինելով, որ սպանության հիմնական կասկածյալը նա է, մի քանի փաստի առջեւ են կանգնեցնում նրան (նախաքննությոն շահերից ելնելով՝ չենք հրապարակում), որից հետո նա արդեն լուսաբացին փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանում է կատարվածը, այլ նաեւ ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։
Արդեն տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։
Դեպքի վայրի հարեւանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին. «Կամոյին, ով Մարտունիում զբաղվում էր տարադրամի շրջիկ փոխանակմամբ, երեկվանից ման էինք գալիս։ Ոչ միայն մենք, այլեւ մարզի ու Մարտունու 50-ից ավելի ոստիկաններ։ Ճիշտն ասած՝ Կամոյին փնտրելու համար ոչ միայն Մարտունի քաղաքում, այլեւ հարակից գյուղերում ու անտառներում ենք ման եկել։ Դե, քանի որ ինքը շրջիկ էր գործ անում, մտածեցինք՝ ուրիշ մարզեր կամ Երեւան գնացած կլինի։ Բայց ինչ-որ կասկած կար մեզ մոտ, որ հաստատ սպանել են, քանի որ նրա մոտ 1 միլիոնից ավելի գումար է եղել։ Անկեղծ ասած, չէինք էլ հավատում, որ տաք հետքերով ոստիկանները այս դաժան սպանությունը կբացահայտեին։ Իմացանք, որ էդ տականքին բռնել են։ Ու փաստերն այնքան զորեղ են եղել, որ դրանց ճնշման տակ խոստովանել է։ Լսել ենք նաեւ, որ սպանությունը կատարել է Մարտունու հիվանդանոցին հարակից տարածքում՝ իր «Օպելի» մեջ, ու տարել, դիակը նետել է հիվանդանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հանրային լողափի հարակից անտառում»։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում, ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Հակոբ Ա.-ն ձերբակալվել է։ Նա խոստովանել է՝ որտեղ է թաքցրել ոչ միայն սպանվածի հագուստները, այլ նաեւ հանցագործության գործիք դանակը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը։ Հանցագործությունը բացահայտելու համար Երեւանից Գեղարքունիքի մարզ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետն ու առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։
Ք. Մ.
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԻ ԵՂԲՈՐԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում՝ այդկերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս: Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան: Արարատ Խանդոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երեւան քաղաքի երկու բնակիչների մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: 2022թ. մարտի 26-ին «կտրած վերք» ախտորոշումներով տարբեր բժշկական կենտրոններ էին դիմել Երեւանի 22 եւ 33 տարեկան բնակիչներ: Պարզվել են նշված անձանց՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ 46 տարեկան: Տուժողները մարմնական վնասվածքները ստացել են Երեւան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նախ 33-ամյա տղամարդուն՝ պատճառելով ձախ միջին երրորդականի առաջային մակերեսի կտրած, թիկունքի կտրած վերքեր, այնուհետեւ՝ 22-ամյա երիտասարդին՝ պատճառելով որովայնի առաջային պատի կտրված վերքի ձեւով մարմնական վնասվածք: 46-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 117-րդ հոդվածով, հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 117-րդ հոդվածով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մեղադրյալի մասնակցությամբ կրկին քննարկելու եւ վերահաստատելու վերաբերյալ:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԵՂԾՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաեւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու եւ այն օգտագործելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ, ԻԻՀ քաղաքացու անվամբ նախապես ձեռքբերված հեռախոսահամարով 2019 թվականի դեկտեմբերի 11-ին զանգահարել է «list.am» կայքի միջոցով համակարգիչ վաճառողին եւ ձեռք բերելով նրա վստահությունը՝ համակարգիչը գնելու պատրվակով խնդրել է, որպեսզի վերջինս ստուգելու նպատակով այն փոխանցի իր կողմից նշված անձին: Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին եւ խարդախությամբ հափշտակել այն:
Բացի այդ, 44-ամյա տղամարդը 2020թ. նոյեմբերի 27-ին, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով իր բարեկամուհու անվամբ նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշվին, փոփոխել է նշված հաշվին կցված հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն, ինչից հետո կնոջ դրամապանակի միջոցով նրա անունից ներկայացրել է վարկային պայմանագրի կնքման հայտ եւ կեղծված վավերապայմաններով կնքել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր: Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի եւ հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձեւակերպված պայմանագրով հաստատված եւ բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 181-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: