Բուլղարիայում ավարտվել է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել:
Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 21-ին, Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, իսկ 67 կգ քաշային Արես Հակոբյանն էլ դարձել էր արծաթե մեդալակիր:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով էր մասնակցում Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63.5 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):
Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:
Ինչ վերաբերում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականին, ապա թիմը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։
Մեր ընտրանու հետ հավաք են անցկացնում նաև Լիտվայի և Իսրայելի հավաքականները։ Սա Հայաստանի հավաքականի նախավերջին հավաքն է լինելու Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։
Ծաղկաձորյան հավաքը կավարտվի մայիսի 2-ին։