ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 99

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարին: Այս երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի, հետո արդեն՝ 44-օրյա պատերազմի մասին խիստ հակասական հայտարարություններ է արել ու խաբել ժողովրդին՝ մե՛կ ասելով, թե կարող էր կանխել պատերազմը, մե՛կ ասելով, թե դա հնարավոր չէր: «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի». սա նրա՝ 2022 թվականի ապրիլի 13-ին արած հայտարարությունն է, ինչից հետո՝ ուղիղ մեկ օր անց, ՀՀ վարչապետը կրկին հակադարձեց իրեն՝ ասելով թե՝ պատերազմն իրականում կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր, քանի որ «պատերազմը Շուշիի համար էր»։ Իսկ, ահա, երբ նա նոր էր դարձել վարչապետ, խրոխտ հայտարարում էր, թե առանց ժողովրդի համաձայնության, որեւէ թուղթ չի ստորագրի: «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»,- 2018-ի օգոստոսի 17-ին ասում էր նա։ Բացի դրանից, մե՛կ ասում է, թե Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն չի եղել, մե՛կ հերքում ինքն իրեն, թե դրա մասին բանավոր են պայմանավորվել: Մեկ այլ հանգամանք եւս. 2020-ի դեկտեմբերի 28-ին նա, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին, նշում է. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր պայմանավորվածություն, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում՝ ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել: Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը. այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»:

Իրարամերժ այս հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը ստել է:

 

 

 

Կոլապսային իրավիճակ՝ Սիսիանում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս եւ չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ քննարկվել է վերաքվեարկության հարցը` առանց ՔՊ-ի, կամ, միգուցե, նոր ընտրությունների կազմակերպման տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան եւ Լոռու մարզի Ալավերդի համայնքների ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար անակնկալ են եղել: Վերջիններս մինչեւ վերջ համոզված են եղել, որ չնայած ամեն ինչին՝ իրենց հաջողվելու է այդ համայնքներում առավելություն ունենալ. շատ օրենսդիրներ անձամբ էին քարոզարշավ անում: Իհարկե, Սիսիանում ՔՊ-ն առավելություն ունի, սակայն միանձնյա՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար ոչ բավարար թվով է ձայներ ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն էր: Երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի թիմի թեկնածու Հայկ Առաքելյանն է: Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով եւ գրավել երրորդ հորիզոնականը: Այստեղ ՔՊ-ն որեւէ ուժի հետ պետք է դաշինք կազմի՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար: Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված են իշխանությունները մտահոգված, քանի որ կարծում են՝ բարդ է լինելու մյուս ուժերից որեւէ մեկի հետ միանալը: Ավելին՝ ՔՊ-ի ներսում էլ կարծիք է հնչեցվել, որ բացառված է՝ որեւէ մեկը միանա ՔՊ-ին:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ, եւ, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո՝ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է ահազանգել նրանց դեպքի մասին, որ քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում եւ պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են: Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի: Մեկ դրույք դասաժամ ու դասղեկական ժամեր ունեցող, հարակից այլ աշխատանքներ անող ուսուցիչը հաճախ հազիվ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու բնական է, որ նրան կարող է գրավել 400 հազար դրամ աշխատավարձ ենթադրող աշխատանքը։ Մեզ հասած տեղեկություններով՝ թեեւ պատկան մարմինները վիճակագրություն չեն ներկայացնում, բայց նման ցանկություն ունեցողների կամ ծառայություն դիմած անձանց թիվը փոքր չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պարեկային ոստիկանության պետ Արթուր Ումրշատյանը, թեեւ հաստատեց, որ նման՝ ուսուցչի պարեկ դառնալու նախադեպեր եղել են, բայց հակադարձեց՝ հստակ վիճակագրություն չկա, այնպես չի, որ ուսուցիչ-պարեկները մեծ թիվ են: «Եթե պայմանական ընդունենք, որ ծառայությանը 1350 հոգի է դիմել, ապա նրանցից 5-6 հոգին է մանկավարժ եղել։ Տեսեք՝ մի աղջիկ, օրինակ, Մեղրիից էր դիմել, բայց նրա նպատակն էլ, ավելի շատ, Երեւան տեղափոխվելն էր։ Այո, ունենք նման դեպքեր, բայց դրանք բացառիկ դեպքեր են, ու որ ասեմ՝ մանկավարժները տարերայնորեն դուրս են գալիս ու գալիս են Պարեկային ծառայություն, ապա սուտ կլինի, չկա նման բան: Իհարկե, որպես ծառայության պետ ասեմ՝ ցանկալի կլիներ, որ կրթական բարձր ցենզով մարդիկ ավելի շատ դիմեին, բայց, իհարկե՝ ոչ դպրոցի հաշվին»,- ներկայացրեց ծառայության պետը։

 

 




Լրահոս