Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև. ՀՀ ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին, երբ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120 000 հայությունն ապրում է տոտալ շրջափակման մեջ` կտրված ամբողջ աշխարհից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Եվ սա շարունակվում է արդեն երկու ամիս: Կարո՞ղ եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքից:

Ամբողջ աշխարհի հայացքների ներքո Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար աղետի առջև: Ցրտաշունչ ձմռան պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, բլոկադայի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, անհրաժեշտ բժշկական միջամտության կարիք ունեցող և այն չստացող մարդկային կյանքեր:

Այս ամենը հետևանք է նրա, որ Ադրբեջանը, նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանը նկատել է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդած այլ ագրեսիվ գործողությունները, ինչպես օրինակ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը, և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում ունի մեկ նպատակ՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքել իրենց տները և, ըստ էության, դրանով իսկ զրկել նրանց հայրենիքում ապրելու իրավունքից։

«Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին։

Սրան զուգահեռ մինչ այժմ վերացված չեն նաև 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, իսկ բազմաթիվ բռնի անհետ կորածների ճակատագրերը մնում են չպարզված։ Շարունակվում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը»,- շեշտել է նա:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկտեղ ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջ մղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն է:

«Այս համատեքստում մենք կարևորում ենք Գերմանիայի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և համամարդկային արժեքների ջատագով երկրի, և որ ոչ պակաս կարևոր է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի, հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերում»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը:




Լրահոս