ԱԺ նստաշրջանը կարճատև է լինելու. ինչ հարցեր են ընդգրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը նիստ է  անելու եւ հաստատելու է օրակարգը: Ըստ այդմ, առաջարկվում է նստաշրջանի հիմնական օրակարգում ներառել 7 հարց, իսկ լրացուցիչ հարցերն էլ 8-ն են:

Ընդ որում, պարտադիր քննարկման ենթակա 7 հարցերն էլ երկրորդ ընթեցմամբ է լինելու: Այսինքն, այս նստաշրջանը բավական կարճ է տևելու: Ընդգրկված է նաեւ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը բավական ծավալուն է:

Նկատենք, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն է վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այդպիսով, օրենքը կարդիականացվի եւ կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, օրենքից կհանվեն ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի դրոշմագիր» ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան հատուկ կարեւորության «Հույժ գաղտնի» եւ «Գաղտնի» դրոշմագրեր:

«Պետական գաղտնիքի մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները եւ սահմանափակումները, ինչպես նաեւ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս