Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, ով Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին եւ դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրմանը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր եւ հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից եւ առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»: