Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թույլատրել է Թբիլիսիից Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ իրականացնել մայիսի 20-ից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
««Georgian Airways» ավիաընկերությունն սկսում է կանոնավոր չվերթները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ավիաընկերության ուղարկած հայցի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ», – ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ:
Ավիաընկերությունը համապատասխան թույլտվությունն ստացել է մայիսի 16-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան. պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ յոթ ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։