ՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՐԴԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական  ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի  հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո կտեսնենք:  ՔՊ-ականների համար տարօրինակ է Պապիկյանի այս պահվածքը, քանի որ վերջինս մշտապես լավ հարաբերություններ է պահպանել թիմակիցների հետ, փորձել է տարաձայնությունները հարթել թիմի ներսում. հիմա փոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պաշտոնից հեռացնել Պապիկյանին, քանի որ վերջինիս մեղադրում էր ՔՊ վարչության ընտրությունները կեղծելու, կուսակցության վարկանիշի հետ խաղալու համար, սակայն դա որեւէ կերպ չի  հաստատվում:

Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերը իսպառ փակվեցին, քանի որ Փաշինյանը այլ թեկնածու չուներ եւ առաջարկեց պաշտպանության նախարարին մնալ եւ շարունակել աշխատանքը:

Իսկ այս օրերին ՔՊ-ում չեն բարձրաձայնում, առերեւույթ ցույց չեն տալիս,  բայց Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ Պապիկյանի հեռացման հարցն էլի կա, պարզապես նրան դեռ փոխարինող չեն գտնում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար կազմը հավաքվել, նիստ է արել, քննարկել աշնանը կայանալիք Երեւանի ավագանու հերթական ընտրությունների հարցը: Այսպիսով, տեղեկացանք, որ քննարկման արդյունքում որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Բացի այդ, ավագանու անդամները քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ մինչեւ սեպտեմբեր եղած ժամանակահատվածը պետք է ակտիվ օգտագործել եւ նախապատրաստվել աշնանը կայանալիք ընտրություններին: Ինչպես հայտնի է, ՔՊ ավագանու ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, որն այժմ փոխքաղաքապետ է: Սպասվելու են թեժ ընտրություններ, քանի որ արդեն իսկ մեծ թվով կուսակցություններ են ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարել: Թերեւս դա է պատճառը, որ ղեկավար կազմը որոշել է կազմակերպել ավագանու ներկայիս անդամների ակտիվ ներգրավվածությունը հերթական ընտրություններին, եւ այդ պատճառով որոշվել է, որ ավագանու՝ արձակուրդ գնալուց հետո պետք է սկսվեն ակտիվ հանդիպումներ եւ քարոզարշավ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, թե նման քննարկում չի եղել, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նման քննարկում նեղ շրջանակում եղել է։

 

 

 

 

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանը, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետն է, 2002-2009 թթ. աշխատել է  Երեւան քաղաքի վարչության Շահումյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։ Նկատենք, որ այդ ժամանակ Սասուն Խաչատրյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ, հետագայում՝ դատախազ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Այս տարվա փետրվարի 17-ին նրա տեղակալ նշանակվեց Արտակ Պողոսյանը, որի մտերիմ կապը եւս գալիս է   շատ խորքից։ Պողոսյանը 2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր  է եղել եւ հետագայում նույն բաժնում այլ պաշտոններ է զբաղեցրել։ Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ օպերատիվ հետախուզության վարչության գրեթե բոլոր օպերները Մալաթիայի բաժնի աշխատակիցներ են, որտեղ էլ նախկինում աշխատել է Սասուն Խաչատրյանը։

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը ձեռք կբերի գրասենյակային գույք ու համակարգչային սարքավորումներ։ Նախագծի հիմնավորումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ այս գնման անհրաժեշտությունն առաջացել է աշխատակազմի տեխնիկական հագեցվածության եւ տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավման համար։ Այսպիսով, վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել  վարագույրներ, քիվեր, հեռուստացույցներ, աթոռներ, բեռնատարներ, դրոշակաձող։ Այս նապատակով առաջարկվում է աշխատակազմին պետական բյուջեից գումար հատկացնել։ Տեղեկացանք, որ խոսքը 37 մլն դրամի մասին է, որից 15 մլն դրամը կուղղվի տեխնիկական հագեցվածության բարելավման համար, իսկ 12-ն էլ՝ ընդհանուր նշանակության մեքենաների ու սարքավորումների վերանորոգման համար։

 

 




Լրահոս