Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումը, որը տեւել էր մոտ 4 ժամ։ Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ. «Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ եւ Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- բանակցություններից հետո ասել էր Շառլ Միշելը։ Վերջինս հավելել էր, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան՝ 1991թ.-ի Ալմա Աթայի հռչակագրով: Այն ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում եւ, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում, եւ Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի սահմաններում։ «Կողմերն ունեն առաջխաղացում»,- ասուլիսին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ եւ տեւական խաղաղություն հաստատել։ Armlur.am-ը այս հայտարարությունների հետ կապված զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, նախօրեին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԵՄ ղեկավար Շառլ Միշելը հանդիպում ունեցան Բրուսելում, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ մի հայտարարությամբ՝ կոնկրետ նշելով որ երկու կողմերը ճանաչել են իրենց տարածքային ամբողջականությունը: Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86 600 քմ. տարածքը. դա ի՞նչ է նշանակում, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Արցախը ընդգրկվում է Ադրբեջանի կազմի մեջ:
-Նախ եւ առաջ ասեմ, որ Միշելը իրեն նմանեցրեց Չեմբեզլենի հետ, եւ սա միանշանակ է, որ ներկայիս Եվրոպան իրեն նույնացրեց նացիստների հետ: Այն, ինչ ասում է այդ մարդը, ուղղակի խայտառակություն է, սա հանցագործություն է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ: Սա, փաստորեն, նշանակում է, որ բոլոր այդ գաղափարները ֆիկցիա են դարձել հենց նույն այդ կազմակերպությունների կողմից, որոնք թվում է թե պետք է պահմանեն այդ ամենը: Ի՞նչ է նշանակում ժողովրդավարական Արցախը բռնակցել նացիստական երկրի հետ: Այսինքն՝ եննույնն կրկնում, ուրիշ ոչ մի բան: Ուժերը բոլորը նույն մոտեցումը ունեն. սա բոլորիս համար պետք է պարզ լինի: Բայց մենք պետք է շնորհակալ լինենք մի բանի համար, որ վերջապես բացահայտվեց ճշմարտությունը, որ իրենք այդպես են տեսնում. սա անընդհունելի է մեզ համար: Պետք է նախ եւ առաջ հասկանանք՝ ով ենք մենք եւ ինչ ենք ուզում: Փաստորեն, մեզ մնում է 2 բան. նախեւառաջ Հայաստանը պետք է հաստատի կամ հերքի Քեմբերլենի ասածը, արդյոք Մյունխենյան դավադրություն է տեղի ունենում, թե չէ՝ թող դա հայտարարեն պաշտոնապես: Պետք է Հայաստանը պատասխանի պաշտոնապես, հստակ, քանի որ մենք յաթաղանի տակ ենք: Պետք է հասկանալ՝ ովքեր են մասնակցում այս դավադրությանը: Պետք է հասկանալ՝ ուր են այդ մարդու իրավունքների պաշտպանները, որոնք բղավում էին, ուր են հակառուսական մոլագարները՝ մոռանալով ազգային շահը, ո՞ւր են: Իսկ մենք այդ իրավունքը վաստակել ենք բոլորի հետ գլուխներս բարձր խոսելու, քանի որ չենք եղել ո՛չ ռուսամոլ, ո՛չ արեւմտամոլ. միշտ եղել ենք ազգային շահերի կողմ, հիմա պատասխաններ ենք պահանջելու բոլորից՝ թե՛ մեր իշխանություններից այստեղի, թե՛ Հայաստանի իշխանություններից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանրահավաքը կրելու է «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագիրը:
Հանրահավաքի մասնակիցները մտադիր են Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իրենց տեսլականը ներկայացնել, ինչպես նաեւ այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը վաղուց է անդրադարձել Սամվել Բաբայանի ակտիվությանը Արցախում:
Գրել էինք, որ վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, պարբերաբար նաեւ փողոց դուրս գալու կոչեր է անում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ
«Ճանապարհային երթեւեկության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Armlur.am-ի տեղեկություններով՝ առաջարկվում է նախատեսել նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ։ Դրանք կլինեն տառեր եւ թվեր, որոնք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ եւ դրա տարբեր կոմբինացիաները): Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ:
Այսպիսով, օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախատեսել իրավական հնարավորություն առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր սահմանելու եւ դրանք աճուրդային կարգով օտարելու նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների եւ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ եւ բարձր արժեք ունեցող համարանիշերը:
Հավելենք, որ այս նախագիծը ընդունվել է կառավարության կողմից եւ ուղարկվել ԱԺ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը:
Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները եւ փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության եւ մեր ժողովրդի բարօրության:
Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն եւ պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»:
Հիշեցնենք, որ Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրել:
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է:
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումը դեռ իրենց չի տրամադրվել. երբ տրամադրվի, ավելի կոնկրետ հայտարարություններ կանեն։
«Բոլորիս համար էլ պարզ էր, որ նման վճիռ է լինելու. անակնկալ չէր»,- ասաց փաստաբանը։