ArmLur.am-ը տեղեկացավ, որ կիրակի հանդիպում է եղել շուրջ 200 ձկնորսների և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի միջև Գեղարքունիքի մարզում։ Նախարարը քննարկել է ձկան որսի արգելքի խստացված միջոցառումները և լսել է ձկնորսներին հուզող հարցերը։
ArmLur.am-ը ձկնորսներից տեղեկացավ, որ նախարարի հետ համաձայնության են եկել, իսկ նախարարը համաձայնել է թույլ տալ մինչև դեկտեմբերի 25-ը ձկնորություն իրականացնել, սակայն նրանք այսօր փաստի առաջ են կանգնած։
Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ ոչ մի պայմանավորվածության մասին տեղյակ չեն։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր նախարարությունում հանդիպում է նախատեսված նախարարի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվելու է նաև ձկնորսների խնդիրները։
Հավելենք նաև, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Նորատուս համայնքի բնակիչները դիմակներով հարձակվել են ջրային պարեկների վրա, նրանց հարվածել են։
Երեկ բողոքի ակցիա իրականացրած ձկնորսներին աջակցելու նպատակով նրանց հետ հանդիպման էր եկել նաև Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով նախկինում հայտնի էր որպես ձկնագող։ Նարեկ Գրիգորյանին, սակայն, լավ չընդունեցին, նույնիսկ նրա քեռին լավ չի ընդունել։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է․ «Էս երկիրը վարի տվին, ինձ երբեք պետք չի եկել»՝ նկատի ունենալով Նարեկ Գրիգորյանին։