ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Ըստ ընդունված կարգի՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու պարագայում, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը տրվում կամ փոխանակվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ օտարերկրյա պետություններում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրամադրվում է դիմումի հիման վրա: 16.01.2024 թ․ դրությամբ՝ ստացված դիմումների թիվը 36 200 է, տպագրված վկայականների քանակը՝ 35 800, իսկ դիմումատուներին տրված վկայականները 28 490-ն են:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առաջիկա շաբաթ օրը՝ հունվարի 20-ը եւս աշխատանքային է լինելու անձնագրային ստորաբաժանումներում, եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք այդ օրը կարող են ներկայացնել ժամանակավոր պաշտպանության վկայականի դիմումներ, ինչպես նաեւ կատարել այլ անձնագրային գործողություններ։
Հունվարի 20-ին, ժամը 09․00-18․00-ն, աշխատանքային ռեժիմով կաշխատեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնականի, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Չարբախի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք․Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումները»,- ասված է հայտարարությունում։