«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կառավարության հարևանությամբ գտնվող նոր գրասենյակի ամսական վարձավճարը 3 990 000 ՀՀ դրամ է կազմելու:
Այս մասին ArmLur.am-ին հայտնում են կուսակցությունից:
ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանրապետության 49 հասցեում երկհարկանի շենք է վարձակալել, որը նախատեսվում է դարձնել կուսակցության նոր գլխավոր գրասենյակը:
Կուսակցությունից ArmLur.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են, որ գրասենյակը վարձակալվել է ներդրումային ծրագրի շրջանակներում, որն, ըստ պայմանագրի, ենթադրում է 95 միլիոն ՀՀ դրամի ներդրում։
Ինչպես կուսակցությունից մեզ ուղարկված հարցման մեջ նշվել է՝ վարձակալության համար կուսակցությունը վճարում է իր բյուջեից, որը ձևավորվում է անդամավճարներից, դրամահավաքներից և պետական ֆինանսավորումից։
Կուսակցության վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն ապրիլին։
Հիշեցնենք, որ ՔՊ նոր գրասենյակը գտնվում է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:
ՔՊ նոր գրասենյակում գործելու է նաև կուսակցության դպրոցը:
Քրիստինա Մուշեղյան