Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էին դուրս եկել գերծանրքաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, սանձելով 200 կգ, ապա 205 կգ կշռող ծանրաձողը, նախ դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 190 կգ արդյունքով, նվաճեց փոքր բրոնզ։

Երկրորդ վարժությունու Վարազդատը նախ հրեց 240 կիլոգրամը, Սիմոնը բարձրացրեց 241 կգ։ Երկրորդ մոտեցման ժամանակ Սիմոնը բարձրացրեց 247 կիլոգրամը, իսկ Վարազդատը պատվիրեց 250 կգ և նույնպես բարձրացրեց։

Վարազդատ Լալայանը հրաժարվեց վերջին մոտեցումից, քանի որ արդեն դարձել էր չեմպիոն, իսկ Սիմոնը պատվիրեց 255 կգ, սակայն չկարողացավ սանձել ծանրաձողը։

Այսպիսով, Վարազդատ Լալայանը առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով նաև փոքր ոսկե մեդալները, իսկ Սիմոնը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, նաև նվաճեց մեկական փոքր արծաթե և բրոնզե մեդալներ։

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվել էր մասնակցել մրցումներին, թեև սկզբում նա ևս հայտավորված էր եղել և նույնիսկ մասնակցել էր մարզիկների ներկայացմանը:

Ավելի ուշ պարզվել էր, որ Տալախաձեն վնասվածք ունի։




Լրահոս