ՇՐՋՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունն ավարտին է հասցրել շրջանառության հարկի օրենսդրության փոփոխությունները, որոնք մոտ ապագայում պետք է ներկայացվեն կառավարությանը, ապա Ազգային ժողովին։ Նախագծի մանրամասները ներկայացնում է ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

 

Հարկը կբարձրացնեն…

Մոտավոր, բարձր ճշտություն չակնկալող գնահատականներով` շրջհարկի ֆինանսական բեռը 2 – 2,5 անգամ ավելի թեթեւ է, քան ԱԱՀ/շահութահարկինը։ Գումարած դրան` շրջհարկի հաշվապահությունն ավելի պարզ է (այդտեղ չի պահանջվում փաստաթղթավորել բոլոր գործարքները)։

Որպեսզի շրջհարկ վճարողները չունենան այդքան ակնհայտ առավելություններ, նրանց հարկն ուզում են էապես բարձրացնել ու մոտեցնել ԱԱՀ/շահութահարկի ռեժիմին։

«Այսպիսով խոշոր բիզնեսը ազդակ չի ունենա արհեստականորեն տրոհվելու` շրջհարկի դաշտ մտնելու համար, իսկ փոքրը չի փորձի ամեն գնով այնտեղ մնալ», – նշում է Ալավերդյանը։

Շրջհարկով հարկման չափանիշը նախատեսվում է չփոխել (տարեկան 115 միլիոն դրամից ոչ ավել շրջանառություն):

Բայց հարկից թույլ կտան ավելի շատ «կտրել»

«Սպիտակ» (փաստաթղթավորված) գործարքների դեպքում բիզնեսը հիմա էլ կարող է նվազեցնել իր հարկը (բազային 5%-ից մինչեւ 1,5%)։ Ըստ նախագծի` թեեւ հարկի բազային չափն աճելու է (թե որքան, հիմա վերջնական որոշման հասնելու համար քննարկվում է), բայց դրա նվազագույն չափն իջնելու է մինչեւ 1%։ Բացի դրանից, նվազեցումները պիտի հասանելի դառնան նաեւ արտադրական ընկերությունների համար (որոնք այսօր աշխատում են 3,5% դրույքաչափով, բայց առանց հարկի նվազեցումների)։

Բացի դրանից, հնարավոր կլինի հարկի հաշվարկից հանել վճարված աշխատավարձերը։ Բերենք նախագծի հետ չկապված, տեսական օրինակ. եթե ՍՊԸ-ն իր աշխատողներին վճարում է տարեկան 10 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ նրա շրջհարկը 5% է, ապա եթե բոլոր աշխատավարձերը վճարի «սպիտակով», ապա կազատվի 500 հազար դրամ հարկից (10 միլիոնի 5%-ից)։ Որքան աշխատավարձ թաքցնի, այնքան չի կարողանա հարկ «կտրել»։

Իսկ պետության շահը ո՞րն է

Հարկը ավելացնելով, իսկ հետո արտոնության դուռը բացելով` ֆիննախն առաջարկում է մի քանի հարց լուծել։ Նախ` «սպիտակ» աշխատավարձը նշանակում է աշխատողի գրանցում` բոլոր իրավունքներով։ Երկրորդ` եկամտային հարկի լրացուցիչ վճարումներ։ Երրորդ` փոքր ու միջին բիզնեսը կսկսի սովորել ԱԱՀ/շահութահարկին մոտ հաշվապահություն վարել` հաշվարկելով հարկերի նվազեցումեր։

«Շրջհարկի հաշվարկները, էստ էության, մոտ կլինեն ԱԱՀ/շահութահարկի հաշվարկներին, ու փոքր բիզնեսը կտեսնի, որ դրանք այդքան էլ «վախենալու» չեն։ Երբ նրանք սկսեն տիրապետել այդ հաշվառմանը, հնարավոր կլինի քննարկել հարկման միասնական համակարգի գաղափարը», –  նշում է Ալավերդյանը։

Սա կարող է լուծել տարբեր հարկային ռեժիմների բախման խնդիրը, որը երկար տարիների գլխացավանք է մեծ ու փոքր բիզնեսի միջեւ գործարքների համար (օրինակ` սուպերմարկետների եւ փոքր արտադրողների)։ Այդ խնդիրը, Ալավերդյանի խոսքով, ըստ էության չի կարող լուծվել, քանի դեռ մնում են հարկման տարբեր ռեժիմներ։

Ի՞նչ կտա բյուջեին

Մի կողմից շրջհարկի չափերը կբարձրանան, մյուս կողմից բիզնեսին թույլ կտան ավելի շատ հարկ նվազեցնել։ Ֆիննախն ակնկալում է, որ «պլյուս-մինուս» հանրագումարով տարեկան բյուջեն կշահի 14-15 միլիարդ դրամ։ Ալավերդյանն ընդգծում է` սրանք մոտավոր գնահատականներ են, որոնք հաշվի են առնում միայն դրույքաչափերի փոփոխությունը։

«Որքան բիզնեսն ուզենա իր հարկը նվազեցնել, այնքան ճշգրիտ պետք է հայտարարագրի իր շրջանառությունն ու աշխատողներին։ Ստույգ գնահատել հնարավոր չէ` որքան է հնարավոր թերհայտարարագրումը հիմա, բայց ակնհայտ է, որ լրացուցիչ մուտքեր պիտի սպասենք նաեւ ստվերի կրճատման հաշվին», – հավելեց Ալավերդյանը։

 

 

 

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։

 

Ինչպես տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, կողմերը  հանդիպմանը  քննարկվել են ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական եւ տեխնիկական աջակցությանը, Արեւելյան գործընկերության շրջանակներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման եւ շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանըեւ  այլ հարցերի։

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ի տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության զարգացման եւ վերջինիս մասով ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։

Կարեւորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը եւ պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ կողմից իրականացվող եւ նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Ա. ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ ՈՒՇԱՑԱԾ ԱՅՑԸ

Ապրիլի 12-ին  Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ընդունել  է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ մարքեթինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Մաթեւոսյանին, ՀՖՖ Տավուշի մարզի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին, ֆեդերացիայի  Բերդի տարածաշրջանի ներկայացուցիչ Վարդան Բալասյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ  Բերդի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ առեւտրի բաժնի պետ Գեւորգ Չոբանյանը, Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը: Քննարկվել են Բերդ համայնքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարները, նոր մարզադաշտերի (20X40մ) կառուցման հնարավորությունները եւ այլ ծրագրեր։ Արմեն  Մելիքբեկյանը  Բերդ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է Բերդ քաղաքի եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի  ֆուտբոլի մարզադաշտեր,  ծանոթացել  այդ մարզադաշտերում առկա խնդիրներին։ Ներքին Կարմիրաղբյուրի ֆուտբոլի մարզադաշտի ոդիսականը շարունակվում է արդեն 6 տարի։ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտնել էր, որ 2018 թվակականի սեպտեմբերին Ներքին Կարմիրաղբյուրի  հիմնանորոգված մարզադաշտը պատրաստ կլինի։ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ ՀՖՖ նոր  ղեկավարությունը Ն. Կարմիրաղբյուրի խաղադաշտի կանաչ ծածկը ոռոգելու համար ոռոգման ջրագիծ է կառուցել, խաղադաշտի ծածկը որոշ չափով հարթեցրել է, սակայն խաղադաշտի անհարթությունը  շտկող, հարթեցնող տեխնիկա չի ուղարկել սահմանամերձ գյուղ։ Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա։  Խաղադաշտի դարպասները չեն տեղադրվել, գծանշումներ չեն արվել, ֆուտբոլի ֆեդերացիայի  ուղարկած մարզագույքը մի սենյակում փակված է, համայնքին մարզական գույքի հանձնում-ընդունում չի կատարվել։ Ներքին Կարմիրաղբյուրի  մարզադաշտում  շուրջ 4  տարի է վերակառուցման աշխատանքները դադարեցված են։ «Ժողովուրդ» օրաթերթը Բերդի համայնքապետարանից տեղեկացավ, որ Ա. Մելիքբեկյանի այցի ժամանակ քննարկվել է Ն. Կարմիրաղբյուրի մարզադաշտը Բերդ համայնքին հանձնելու  խնդիրը, նաեւ  նախատեսվում է Բերդ քաղաքում, համայնքի  Պառավաքար գյուղում եւ համայնքի մեկ այլ բնակավայրում մեկական փոքր մարզադաշտի (20X40մ) կառուցման հարցերը։ Բերդ քաղաքում գետի ափին  ֆուտբոլի խաղադաշտ կա, սակայն այն կահավորված չէ, Հայաստանի մանկապատանեկան առաջնությունում հանդես եկող  ֆուտբոլային «Ուտիք»  թիմը իր տնային խաղերն անցկացնում է Բերդ համայնքի Այգեձորի,  Իջեւան համայնքի Այգեհովտի խաղադաշտերում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսպես է հեռավոր մարզերում զարգացնում մանկապատանեկան ֆուտբոլը;

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս