Հունվարի մեկից Երևանի հասարակական տրանսպորտը անակնկալներ մատուցեց շատերին։ Հասարակական տրանսպորտից օգտվելու համար նախ պետք էին 100 դրամանոց մետաղադրամներ, որը դարձել էր պատուհաս շատերի համար, ինչին փոխարինեցին QR կոդերը՝ կա՛մ թերթիկներով, կա՛մ օնլայն տարբերակով։
Քաղաքացիների շրջանում մեծ դժվարություններ են առաջանում հասարակական տրանսպորտից օգտվելուց, քանի որ տրանսպորտային միջոցներում տեղադրված վալիդատորները՝ QR կոդերն ընթերցող սարքերը, շատ ժամանակ չեն աշխատում։
Շատ ընդդիմադիր ավագանու անդամներ ակցիաներ կազմակերպեցին տրանսպորտային միջոցները չթանկացնելու համար, անգամ ստորագրահավաքներ եղան։
ArmLur.am-ը պարզելու համար՝ ի՞նչ է կատարվում տրանսպորտային համակարգում, զրուցել է Երևանի ազագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ։
-Տիկի՛ն Աբգարյան, հունվարի 1-ից տրանսպորտային համակարգում փոփոխություններ եղան, սակայն կարծես թե շատերը պատրաստ չէին այդ փոփոխություններին, այսինքն՝ 100 դրամանոցներից անցում կատարելու QR կոդերին։ Ի՞նչ եք կարծում՝ այս ամենի պատճառը թերի իրազեկո՞ւմն էր։
-Բացի իրազեկումից այստեղ մենք խնդիր ունենք։ Մենք ունենք բնակչության մի հատված, դա մեր տարեցներն են, որոնց համար իրոք դժվար է այդ ամենին ընտելանալը։ Ինքս հունվար ամսին, երբ մոտենում եմ վճարային տերմինալին, որպեսզի տոմս գնեմ, տեսնում եմ, որ ինձ մոտենում են տարեցներ, որոնք սպասում են ապարատի կողքը, թե ով է տոմս գնելու, որ խնդրեն 1 հատ էլ իրենց համար գնեն։ Դա ինձ համար անընդունելի իրավիճակ է, և այդ մարդկանց, իհարկե, անտեսել չեն կարող։ Ոչ միայն իրազեկվածությունը, այլ նաև մենք ունենք էլեկտրոնային գրագիտության խնդիր։ Մենք չունենք դեռ բնակչություն, որ ամբողջովին պատրաստ է այդ եղանակին։
-Տիկի՛ն Աբգարյան, QR կոդերի վալիդատորները շատ ժամանակ չեն աշխատում՝ ստեղծելով անհարմար իրավիճակ։ Սրա պատճառը ո՞րն է։
-Կարծում եմ, որ սարքերը խնդիր ունեն։ Ես ինքս 3 անգամ չեմ կարողացել վճարել բանկային քարտով։ Քանի որ հայտարարվել էր, որ բանկային քարտով աշխատում է, չենք կարողացել վճարել։ Քիչ առաջ էլ որդիս տեղեկացրեց, որ 13 համարի ավտոբուսում ոչ ոք չի կարողացել բանկային քարտով վճարել։ Այսինքն համայնքը նաև վնաս է կրում և կարծում եմ, որ այդ վնասը հաշվելի կարող է լինել։ Դա գումարների մասին է խոսքը, որն ամեն անգամ չի մտնում բյուջե որպես ուղեվճար հենց սարքերի խոտանի պատճառով և դա կարծում եմ, որ շատ մեծ խնդիր է իրականում։
-Ի վերջո ի՞նչ պետք է արվի տրանսպորտային համակարգում առկա խնդիրները շտկելու համար։
-Մենք շատ հստակ առաջարկություն ենք արել և կարծում եմ այն նախագիծը, որը մեր խմբակցությունը բերել է, հնարավորություն է տալիս իշխանություններին պահպանելու իրենց դուր եկած փաթեթների տրամաբանությունը, և ընդամենն ավելացնել 1 կետ, այն է՝ 1 ուղևորությունը 100 դրամով՝ մարդկանց համար ում դա դժվար է։ Սա իրական լուծում է, որը մենք առաջարկում ենք։ Բացի այդ այդպիսով նրանք նաև չեն կորցնի որոշակի գումարներ, որոնք, անշուշտ, կորցնելու են էլեկտրոնային լինելու, համակարգի խափանման և տարբեր այլ պատճառներով։
-Երեկ իր ասուլիսում փոխքաղաքապետն իր խոսքում նշեց, որ տրանսպորտից «ձրի թռնողներ կան»։ Սա կապ ունի՞ նրա հետ, որ տրանսպորտային միջոցներում տեղադրված վալիդատորները QR կոդերը չեն ընթերցում և ընդհանրապես ինչի՞ համար էր նման արտահայտությունը։
-Ես ինքս ասում եմ, որ 1 ամսվա մեջ 3 անգամ չեմ կարողացել վճարել։ Ստացվում է, որ ես ինքս էլ 3 անգամ առանց վճարելու երթևեկել եմ, ինչը ես չէի ուզում անել բնականաբար։ Իմ աչքի առաջ ավտոբուսում միշտ լինում են մարդիկ, որոնք փորձում են, մոտենում են, չի ստացվում և անցնում են առաջ։ Ի՞նչ անեն մարդիկ, հո չե՞ն իջնի։ Մարդը պատրաստ է վճարել, ունի իր բանկային քարտի վրա գումար, հիմա եթե քարտը չի ընդունում, դա արդեն այդ մարդու մեղավորությունը չէ, մեր քաղաքացիները իրավացի են, որ շարունակում են իրենց ուղևորությունը, քանի որ իրենք ամեն դեպքում պատրաստ էին վճարել։ Ինչ վերաբերում է արտահայտությանը՝ կարծում եմ, որ սա նախ և առաջ խոսում է մարդու մտածելակերպի և որոշակի թերհասության մասին, երբ պաշտոնյան հանրային խոսք է հնչեցնում, ուշադիր չի լինում իր խոսքերին։
Աննա Սրապիոնյան