ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզիչներին հրահանգվել է 10-15 հոգի մարդ բերել․ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հետաձգված ընտրությունը կկայանա այսօր՝ ժամը 12։00-ին, իսկ միակ հավակնորդը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մարզերից մարզիչները հավաքվելու և ընտրելու են Ֆեդերացիայի նախագահին։ Նրանք զգուշացվել են, որ ամեն դպրոցի տնօրեն, մարզիչ իր հետ 10-15 հոգի մարդ պիտի բերի, որպեսզի Ծանրամարտի Ֆեդերացիայի նախագահ ընտրվի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ArmLur.am-ը գրել էր, որ ըստ սպորտի ոլորտում շրջանառվող լուրերի, այս հայտարարության արմատները խորն են, իշխանությունները Հրաչյա Ռոստոմյանին թույլ չեն տվել առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ նպատակ ունեն Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կարգել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Հիշեցնենք, որ օրերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ 8 տարի նախագահելուց հետո այլևս չի առաջադրվի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ինքը՝ Ռոստոմյանը,  ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ հրաժարվում է առաջադրվել՝ նոր դեմքերին ճանապարհ տալու համար։

Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Արայիկ Հարությունյանը հանձնարարել է Ֆեդերացիայի հետ կապված ներքին փաստաթղթեր հավաքել, որպեսզի հասկանա, թե մինչև այս ժամանակահատվածը Հրաչյա Ռոստոմյանն ինչպես է ղեկավարել Ֆեդերացիան, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։

Հավելենք նաև, որ պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանը վարչապետի որոշմամբ արդեն 2 օր է՝ հունվարի 21-22-ը գտնվում է արձակուրդում։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս