Armenian text to speach

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ 150 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 11-ին Գրողի տուն-թանգարանում տեղի ունեցավ նրա անունը կրող նամականիշի մարումը «Հայփոստ»-ի կողմից։ Նամականիշն ընդգրկվել է «Մեծանուն հայեր» շարքում, եւ այն շրջանառության մեջ դրվեց Իսահակյանին նվիրված հուշադրամի հետ միասին։ Այս միջոցառումը դարձավ նոր հնարավորություն՝ վաստակավոր գրողի ստեղծագործությունների ու կյանքը ներկայացնելու եւ նրա ազդեցությունն արդի հասարակությանը հիշեցնելու համար։

 

Նամականիշի մարումն իրականացրին Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրող եւ գրականագետ Ավիկ Իսահակյանը, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Հայփոստ»-ի խորհրդի անդամ Վիկտորիա Պողոսյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Շուշան Ալեքսանյանի խոսքերով՝ Ավետիք Իսահակյանի նամականիշը՝ որպես մշակութային արժեք, բոլորիս համար մեծապես սպասված էր։ «Նրա գրականությունը դուրս է սերունդների եւ ժամանակի սահմաններից։ Այս նամականիշը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ վարպետին, այլ նաեւ հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, թե ովքեր ենք մենք, ինչ արժեքներ ենք կերտել եւ ինչով ենք հպարտ»,- ասել է նա։

Ավիկ Իսահակյանն ուրախալի համարեց մեծ վարպետի պատկերը հայկական դրոշմանիշի վրա կրկին տեսնելը։ «Հայկական դրոշմանիշները հետաքրքիր պատմություն ունեն։ Նամականիշներից շատերի վրա պատվավոր տեղ են զբաղեցրել մեր մշակույթի, գրականության գործիչները։ Իսահակյանի նամականիշը կարող է նոր էջ բացել հայ ֆիլատելիայի պատմության մեջ, քանի որ նամականիշի միջոցով անգամ ամենափոքր ժողովուրդը կարող է հասնել աշխարհի ամենահեռավոր ծայրերը։ Այն դառնում է յուրօրինակ դեսպան։ Մեծարելով մեր մեծերին՝ մեր անցյալն ենք մեծարում եւ հարգում»,- ընդգծել է նա։

Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը հիշեցրել է, որ Իսահակյանի 125-ամյակի կապակցությամբ նաեւ թողարկվել էր նամականիշ, իսկ խորհրդային տարիներին էլ նմանատիպ նամականիշ էր թողարկվել՝ նվիրված գրողի 100-ամյակին։ Նա հավելել է, որ «Հայփոստ»-ը միայն չորս հայ մեծերից է մի քանի անգամ նամականիշներ թողարկել՝ Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան եւ Ավետիք Իսահակյան։ «Մինչ մեր հարեւան պետությունը զբաղված է ֆիլատելիայի միջոցով պատմությունը կեղծելու գործով՝ ներկայացնելով տարբեր քարտեզներ, մենք շարունակում ենք մեր ֆիլատելիայով ներկայացնել մեր մեծերին, մեր ինքնությունը եւ պատմական տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները»,- շեշտել է նա։

Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է. նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ ու հրապարակախոսական հոդվածներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր։

Նամականիշի տեխնիկական

բնութագիրը.

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (1875-1957թթ.):

Նամականիշի վրա առկա են նաեւ «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» եւ «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով։

Թողարկման օրը՝ 11 նոյեմբերի 2025թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպարանը՝ bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 10 000 հ.

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս