Մեր նպատակն է ձևավորել սերունդ, որն այլևս չի ապրի մշտական տագնապի մեջ: Արդարությունը գալիս է, և այն սկսվում է մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի պաշտպանվածությունից: Այս մասին «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է դասախոս, իրավաբան փորձագետ Աստղիկ Մատինյանը։ Նա զբաղեցնում է կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը։
Իր ելույթում Աստղիկ Մատինյանը ներկայացրել է կուսակցության ընտրական ծրագրում ներառված հիմնական առաջարկները՝ կրթության, առողջապահության, դատաիրավական ոլորտի վերաբերյալ․ անվճար բարձրագույն կրթություն ՀՀ քաղաքացիների համար, մասնավոր բուհերում ուսման և ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության, «Գյուղական ուսուցիչ» ծրագրի վերականգնում, համընդհանուր բժշկական ապահովագրություն, ՀՀ նախագահի ուղիղ ընտրություն, ընտրական համակարգի արմատական փոփոխություն և այլն։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել «Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը որոշում է կայացրել մասնակցել 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին և հաստատել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի պատգամավորների թեկնածությունները։ (Գ)





























