Իրավունքներս խախտված են, Դանիել Իոաննիսյանի դեմ դիտարկում ենք հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը: Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասել է Աննա Հակոբյանը:
«Մամուլի հրապարակումներից և «Անկախ դիտորդ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Անկախ դիտորդ»-ը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել և ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և ինչպես նշված է «Ազատության» հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք՝ մինչև 6 միլիոն դրամի չափով։
Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ մի շարք օրենքներով և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես, սահմանադրության հոդված համար 7-ը՝ ընտրական իրավունքի սկզբունքները, սահմանում են. «Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ, իմ հանդեպ խախտվել է սահմանադրության այս հոդվածը:
Հաշվի առնելով վերոնիշյալը՝ խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, և երկրորդ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով»,- նշել է Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․



















































































