Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուա Լիպան՝ ընդդեմ Samsung-ի․ փոփ աստղը պահանջում է 15 միլիոն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան նոր սկանդալի կենտրոնում այս անգամ Դուա Լիպան է։ Համաշխարհային փոփ աստղը դատի է տվել Samsung-ին՝ մեղադրելով տեխնոլոգիական հսկային իր կերպարը առանց թույլտվության օգտագործելու մեջ։

Դատական հայցի համաձայն՝ երգչուհու լուսանկարը, որն արվել է 2024 թվականի Austin City Limits փառատոնի ժամանակ, հայտնվել է ԱՄՆ-ում վաճառվող Samsung հեռուստացույցների փաթեթավորման վրա։ Լիպայի թիմը պնդում է, որ ընկերությունը փաստացի օգտագործել է երգչուհու հանրահայտ իմիջը՝ ապրանքների վաճառքը խթանելու նպատակով՝ առանց որևէ համաձայնության կամ վճարման։

Փոփ աստղի ներկայացուցիչների խոսքով՝ Samsung-ին մի քանի անգամ պահանջ է ներկայացվել դադարեցնել լուսանկարի օգտագործումը, սակայն ընկերությունը չի արձագանքել այնպես, ինչպես սպասվում էր։ Արդյունքում՝ գործը հասել է դատարան, և այժմ երգչուհին պահանջում է 15 միլիոն դոլարի փոխհատուցում։

Samsung-ը, սակայն, ամբողջությամբ հերքում է մեղադրանքները։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ լուսանկարը ստացել են երրորդ կողմի բովանդակային գործընկերից, որը վստահեցրել է՝ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները առկա են։ Բացի այդ, Samsung-ը պնդում է, որ որևէ դիտավորյալ խախտում չի եղել։

Գործն այժմ քննվում է Կալիֆոռնիայի դաշնային դատարանում, և եթե մեղադրանքները հաստատվեն, այն կարող է դառնալ հերթական աղմկահարույց նախադեպը հայտնի մարդկանց կերպարի ապօրինի օգտագործման վերաբերյալ։

Սոցցանցերում արդեն քննարկում են՝ արդյոք սա պարզապես «թյուրիմացությո՞ւն» է, թե՞ մեծ բրենդները շարունակում են օգտվել աստղերի ազդեցությունից՝ առանց համապատասխան համաձայնությունների։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս