ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսվում կատարել ՏԻՄ ոլորտը կարգավորող շուրջ 24 օրենքներում:
Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է վերանայել գործող օրենսդրական ակտերը՝ մշակելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ վերջիններիս վերապահված լիազորությունների իրականացման համար առավել արդյունավետ գործիքակազմեր, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում տեղական ինքնակառավարման մարմինների առջեւ ծառացած օրենսդրական կարգավորում չունեցող հարցերն ու խնդիրները:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունելու նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաեւ գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնելու նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներին:
Ասատուր Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են համատիրությունների աշխատանքին, համատիրությունների նկատմամբ առաջարկվող վերահսկողությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:






























